ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի նախասրահում Հայաստանի ազգային արխիվի Իջեւանի մասնաճյուղը փաստաթղթերով եւ լուսանկարներով ներկայացրել է հին եւ նոր Իջեւանը, քաղաքի պատմությունը եւ անցած ուղին 1880թ-ից մինչ օրս: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքէջը, ցուցահանդեսը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ 15-ամյակին, միջոցառմանն աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Իջեւանի քաղաքապետարանը: Ցուցահանդեսի բացմանն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է վերջին տասնհինգ տարում քաղաքում կատարված «բարեփոխումներն ու ձեռքբերումները»` այդպիսով, փաստորեն, ՏԻՄ հոբելյանին նվիրված միջոցառմանը նախընտրական աստառ տալով: Նոյեմբերի 13-ին Իջեւանում կկայանան քաղաքապետի հերթական ընտրություններ: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այս տարվա գարնանը դարձել է ՀՀԿ անդամ եւ այդ կուսակցության աջակցությամբ փորձում է 5-րդ անգամ վերընտրվել: Նշենք, որ վերջին տասներկու տարում Իջեւանը ղեկավարել է Վարուժան Ներսիսյանը, նրանից առաջ էլ Տավուշի ներկայիս մարզպետ Արմեն Ղուլարյանը, որին պետք չէ քաղաքի ձեռքբերումներին ծանոթանալու համար  թանգարան գնալ, ուղղակի պետք է նայել իր աշխատասենյակից` տեսնելու մարզպետարանին  հարակից  Իջեւանյան փողոցի քարուքանդ վիճակը: Այդ փողոցը պետական բյուջեի միջոցներով դեռ ամռանը պիտի նորոգվեր, սակայն ձմռան շեմին նորոգումը կիսատ է մնացել: Դրա պատճառով քաղաքի ամենամեծ` Բլբուլյան թաղամասի բնակիչները քաղաքի կենտրոն են հասնում մեծ դժվարություններով` Գանձաքար գյուղի ճանապարհով կամ շրջանցիկ Տերյան փողոցով:




Լրահոս