«Մանանա Գրեյն ՍՊԸ»-ի գործով ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի արդարացման շանսերն ավելի մեծ են: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Առուշանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ում փոխանցմամբ ` վկա, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելայնի ցուցմունքից հետո պարզ է դարձել, որ Առուշանյանի դեմ Արտաշես Գալուստյանը ցուցմունք է տվել բռնության գործադրման ներքո:
Նշենք, որ Գալուստյանը հետագայում ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործով հանգուցյալ Արտաշես Գալուստյանը տվել էր ցուցմունք ՝ համաձայն որի ՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանը ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: Ամբաստանյալները նախնական համաձայնությամբ Արշակունյաց պողոտայի «ՍԵՄ» ռեստորանի կողքին ՝ գազալցակայանի մոտ կայանված Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հափշտակել են 56 մլն 400.000 դրամ, ինչպես նաև ՍՊ ընկերությանը պատկանող փաստաթղթեր, որոնք հետագայում ոչնչացրել են:
Իսկ դատապարտյալ Էդգար Կարաքեշիշյանի մասով փաստաբանը հայտնեց, որ ոչ մի նման ապացույց դեռ չկա, պարզապես գործը չի կարող առանձնացվել ՝ հետևաբար գործը երկուսի մասով էլ առաջին ատյան է ուղարկվել:
«Գալուստյանը մի շաբաթ գտնվել է նույն խցում, որտեղ Տիգրան Առաքելյանը: Խնդիրը հետևյալն է ` ցուցմունքները Առուշանայնի դեմ ձեռք են բերվել բռնությամբ: Այսինքն` անթույլատրելի է դրանք որպես ապացույց ներգրավել: Գալստյան Արտաշը ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ, որից հետո նրա խափանման միջոցը փոխել են: Ինքը շեշտել է, որ իրեն ստիպում են անմեղ մարդու դեմ սուտ ցուցմունք տալ, այդ անմեղ մարդն էլ Առուշանայնն է: Վերաքննիչ դատարանը փաստացի Առուշանյանի մասով է գործը բեկանել: Առուշանյանի շանսերն ավելի մեծ են կապված անթույլատրելի փաստերի հետ»,- նշեց փաստաբանը:
Տաթև Հարությունյան