Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանը 0 էր ստացել, իսկ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից:
Թաիլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: