ԱԳ փոխնախարարը դեսպան Գիրինգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների վրա։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան և միմյանց աջակցելու հարուստ փորձը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Գիրինգին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։




Լրահոս