«Եվրանյուզը» ծավալուն անդրադարձ է կատարել Խաչատրյանի անվան փառատոնին և հայկական երաժշտարվեստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։

Հոդվածում հեղինակն ընդգծում է‚ որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է‚ որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով Խաչատրյանի ժառանգության մասին իրազեկությունն ամբողջ աշխարհում։
Հրապարակման ենթավերնագրերից մեկի ներքո անդրադարձ է կատարվում նախորդ տարի անցկացված խաչատրյանական փառատոնին‚ որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին և անցկացվում էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով։ Ընդգծվում է‚ որ փառատոնը ներկայացրել է Խաչատրյանի արվեստը լայն ընդգրկմամբ ու հայտնի և տաղանդավոր մենակատարների ներգրավմամբ։

Հոդվածն առանձին բաժնում ներկայացնում է Հայաստանի մշակութային հարստությունը‚ որը հեղինակի խոսքով՝ հազարամյակներ ձգվող պատմություն ունի։ Ընդգծվում է‚ որ հույների և հռոմեացիների կողքին հայերն աշխարհի հնագույն թատերական ավանդույթների կրողն են։

«Եվրանյուզի» հոդվածում պատկերված է նաև մայրաքաղաք Երևանը՝ որպես դասական արվեստը հանրահռչակող քաղաք‚ որը մեծ սիրով հյուրընկալում է մեր ժամանակների ամենանշանավոր երաժիշտներին‚ կոլեկտիվներին՝ ներկայացնելով դասական արվեստը ու դասական երաժշտության միջոցով երկրում զարգացնելով զբոսաշրջությունը։

Հրապարակման մեջ հիշատակվում է նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Նշվում է‚ որ այս տարի արդեն 20-րդ անգամ անցկացվող ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր ծայրերից‚ ինչպես նաև հանրահռչակել Խաչատրյանի երաժշտությունը։




Լրահոս