Համացանցում այսօր առավոտվանից ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի` երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը և Սամվել Մարտիրոսյանը հայտնեցին, որ այդ լուրերը կեղծ են։
ArmLur.am-ն ահազանգեր է ստանում ծնողներից, որ խուճապահար վիճակ է և երեխաներին դպրոցներից տանում են տուն։
Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ն իրավապահներին տեղեկացրել է դպրոցներում նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին ՝ խնդրելով ստուգել այն։
«Այս պահին դպրոցներում դասերը շարունակվում են, բայց մենք իրավապահներին խնդրել ենք ստուգել հաղորդումները», – ArmLur.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։
Ազգային անվտանգության ծառայությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգան, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Թեպետ քաղաքապետարանից հայտնում են, որ ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով շարունակվում է, այնուամենայնիվ որոշ դպրոցներում ծնողներն իրենց երեխաներին խուճապից տարել են տուն։