Սերժ Սարգսյանն ինքն իրեն գովում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և արել  հետաքրքրիր մի հայտարարություն.

«Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայն դեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանից  armlur.am լրատվականը հետաքրքրվեց` օրինաչափ է, երբ նախագահն է  դրական գնահատում իր իշխանության վարած քաղաքականությունը` փոխանակ դա անի հասարակությունը: «5 տարի առաջ Հայաստանը վարում էր ավելի բալանսավորված քաղաքականություն, քան հիմա: 5 տարի առաջ Հայաստանն ուներ ավելի մեծ փոխվստահություն ՌԴ-ի և Արևմուտքի հետ, քան հիմա: Այսօր այդ վստահությունը չկա  հիմա, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը որոշում կայացրեց ՄՄ-ին անդամակցելու»,-ասաց Բոզոյանը` հավելելով, որ մեր անվտանգությունն ավելի խոցելի է, քան 5 տարի առաջ:

Պրն Բոզոյանի խոսքով` հասարակությունը չի կարող գովել  Սերժ Սարգսյանին ու այս իշխանությանը, քանի գովելու բան էլ չկա. «Սերժ Սարգսյանն է փորձում դա անել` իշխանական համակարգում ցույց տալու համար, որ պետք չէ հավատալ հասարակական  տրամադրություններ ներկայացնող լրատվամիջոցներին»:

Քաղաքագետի խոսքով` եթե երկրի սոցիալ-տնտեսական ու հասարակական  կյանքում կա առաջընթաց, դա կարող է գնահատել հայ ժողովուրդը: Իսկ  մեր երկրի տնտեսական ցուցանիշները հակառակն են ցույց տալիս: «Նկատի ունեմ արտագաղթի  տեմպերը, տնտեսական ցուցանիշները: Անգամ պաշտոնական տվյալների համաձայն` ՀՆԱ արդյունքները 20 տոկոսով ավելի ցածր են, քան 2008-ին»,-մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է չխաբելուն կամ չմոլորեցնելուն, ազգային շահով առաջնորդվելուն,  ըստ քաղաքագետի, Հայաստանը միշտ էր նման քաղաքականություն վարում, սակայն սեպտեմբերի 3-ին պարզ դարձավ  մեկ ուրիշ բան` Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միության անդամակցության մասին, այն դեպքում, երբ 3 տարի բանակցում էին եվրոասոցացման շուրջ: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը կանգնեց  «կամ» «կամ»-ի առաջ, իսկ մինչ այդ Հայաստանը երբեք ընտրության առաջ չէր կանգնել:

Եթե հաշվի առնենք, որ մեր կառավարությունը վերջերս  շատ խնդիրներ պայմանավորում է  նախորդ կառավարության ու իշխանության գործունեությամբ, միգուցե Սարգսյանն անուղղակիորեն նաև Քոչարյանին է ակնարկում է, որ այն ժամանակ ավելի վատ էր, իսկ  հիմա ավելի է: Բոզոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանն «ուզեցել է որևէ մեկին հատուկ կպնել»: Կարելի  է ենթադրել, որ նա ուզում է ասել, որ իր կառավարման օրոք Հայաստանն առաջընթաց է ունեցել»,- ասաց  մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Քոչարյանին  և նախորդ կառավարությանը քննադատելուն,  Երվանդ Բոզոյանի խոսքով` Սերժ Սարգսյանն ու այս իշխանությունը նման մեսիջներ հղում է:  Վառ օրինակը Տիգրան Սարգսյանի` շինարարության «փուչիկի»  մասին հայտարարությունն է:




Լրահոս