Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը (World Rock-n-roll Day) բոլոր նրանց տոնն է, ում համար այն ոչ միայն երաժշտություն է, այլեւ կենսակերպ, գրում է Calend.ru-ն։
Տոնն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին, թեպետ տոնի հիմք հանդիսացած պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1954թ. ապրիլի 12-ին, երբ Բիլ Հեյլին (Bill Haley) ձայնագրել էր Rock Around The Clock սինգլը, որն արագորեն տարածվել էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում՝ մարտահրավեր նետելով հասարակությանն ու ավանդույթներին։
20-րդ դարի կեսերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մարդիկ ձգտում էին խաղաղ եւ հանգիստ կյանքի: Ցնցումներ ոչ ոք չէր ցանկանում: Հասարակության տրամադրության արտացոլումն էր հանգիստ եւ զգացմունքային երաժշտությունը:
Պաշտոնական երաժշտությանը զուգահեռ Ամերիկայում տարածված էր նաեւ այլ` բարձր, ռիթմիկ, եռանդուն ռիթմ-ընդ-բլյուզը: Մի անգամ երեկոյան Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվել էր եթերում հնչեցնել ձայնագրություններ ռիթմ-ընդ-բլյուզ ոճում: Իսկ «սպիտակ» հանրությանը չցնցելու համար այլ անվանում էր տվել դրան՝ «ռոք-ն-ռոլ»: Նրա շնորհիվ ռիթմ-ընդ-բլյուզը հնչեց նորովի եւ դարձավ հասանելի բոլորին՝ անկախ մաշկի գույնից:
Ռոք-ն-ռոլի առաջին սպիտակամորթ աստղը երգիչ-կիթառահար Բիլ Հեյլին էր, ում երգերը մեծ հաջողություն ունեին. ռիթ-ընդ-բլյուզի, քանթրի երաժշտության եւ փողոցային սլենգի նրա համադրությունն ուներ աննախադեպ հաջողություն:
Ուղղության հիմնադիրներից էր նաեւ լեգենդար Էլվիս Փրեսլին, որը դարձավ մի քանի սերունդների կուռքը:
1960-ին ի հայտ եկավ ռոք-ն-ռոլի նոր ոճ ` փոփ-ռոք: Լիվերփուլյան քառյակն իր երգերով աշխարհին համակեց «Բիթլզամանիայով»:
1964 թվականին ի հայտ եկան «Rolling Stones»-ը, որոնք տարբերվում էին արագ, հզոր եւ տեխնիկական ձայնով: 1970-ականներին ծնունդ առավ փսիխոդելիկ ռոքը, որի վառ ներկայացուցիչներն էին «Pink Floyd», «Deep Purple», «Led Zeppelin», «Black Sabbath» խմբերը: Այդ տասնամյակը համարվում է ռոք-մշակույթի զարգացման որկեդար: