«ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՓԱԿ ԴՌԱՆ ԱՌԱՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Գոյ» թատրոնը անժամկետ նստացույց է սկսել հենց թատրոնի դիմաց։

 

Թատրոնի ամբողջ անձնակազմը պահանջում է, որ չոտնահարեն իրենց իրավունքները, բացեն թատրոնի մուտքը, որպեսզի կարողանան մուտք գործել իրենց հարազատ թատրոն։

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ նստացույցով չեն բավարարվելու, եւ սպասվում են գործողություններ։

Ռեժիսորը նաեւ ասաց, որ թատրոնը փակելու հիմնական դրդապատճառներից մեկն այն է, որ թատրոնը քաղաքական պատվեր չի կատարում։

-Պարոն Արզումանյան, երեկ ամբողջ գիշեր մնացել եք, նստացույց եք իրականացրել, քաղաքացիներ մոտեցե՞լ են, օգնություն առաջարկե՞լ են:

-Երեկ՝ ժամը 16:00-ից, նստացույց հայտարարվեց իմ կողմից, միացան իմ ընկերները, որոնք որոշ ժամանակ լինում են այստեղ եւ գնում են: Ես 24 ժամ ռեժիմով եմ այստեղ, իսկ քաղաքացիներ, իհարկե, եղել են, փորձել են հասկանալ, լսել են նստացույցի մասին, մանրամասներին փորձում եմ ծանոթացնել: Մարդիկ կան, որ նույնիսկ ինձ գրել են,զանգահարել են, հետաքրքրված են այս հարցով, ժամը 13.00-ից հետո կան հանդիպումներ նախատեսված, մշակութային գործիչներ կան, որ ուզում են հանդիպել: Ուզում եմ ասել՝ կա հետքրքրվածություն հանդիսատեսի եւ մշակութային գործիչների կողմից:

-Նախարարությունից ինչ-որ արձագանքի սպասո՞ւմ եք, որ հնարավոր է՝ ձեզ ընդառաջ գնան, ձեր պահանջները բավարարեն:

-Նախարարությունից սպասելիքը այնքանով է, ինչքանով որ Ժաննա Անդրեասյանը արել է հայտարարություն, ասաց, որ իրենք պատրաստ են աջակցելու, խրախուսելու: Այսքանով մենք սպասում ենք, որ նախարարը հետամուտ լինի իր արած խոստմանը. այդքանով ենք սպասում: Մենք կարծում ենք, որ եթե պաշտոնատար անձը բան է ասում, ուրեմն դա պիտի կատարի: Մենք նորից ներկայացրինք իրենց մեր ծրագիրը, եւ այս նստացույցը միտված է դրան, որ այստեղ սպասելու եմ ես, որ կառավարությունը, Ժաննա Անդրեասյանը որոշում կայացնեն կամ որոշման մեջ կատարեն փոփոխություններ:

-Իսկ Սունդուկյանի թատրոնից ինչ-որ արձագանքներ ստացե՞լ եք՝ կապված նստացույցի հետ, որովհետեւ մի քանի օր առաջ, երբ այստեղ ակցիա էր իրականանում, կարծես այդքան էլ համաձայն չէին, որ այս մուտքը բացվի:

-Դե, բնականաբար, չէր կարող աջակցություն լիներ, որովհետեւ սա իրենց պատճառով է եղել, որ մենք այսօր կանգնած ենք փակ դռան առաջ: Երեկվանից ես այստեղ եմ, ու ոչ ոք չի մոտեցել Սունդուկյան թատրոնից՝ գոնե հարցնի:

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրն է, ինչի առթիվ ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը.

 

«32 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության՝ հետխորհրդային երկու նոր պետությունների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այս համաձայնագիրը նոր փուլի սկիզբ դրեց մեր երկրների փոխհարաբերություններում, որոնց ժողովուրդները մշտապես միմյանց վերաբերվել են առավել բարեկամական եւ ջերմ զգացմունքներով: Այս հիմնական փաստաթղթից ընդամենը մի քանի տարի անց երկու երկրների միջեւ ստորագրվեց բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիր,եւ դա պատահական չէ:

Ռուսաստանը մշտապես հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակից եւ կարեւոր գործընկեր: Նաեւ ընդհանուր ավանդական արժեքներին եւ ազգային ինքնությանը հավատարիմ մեր ժողովուրդները միշտ բաց են եղել եւ շահագրգռված են փոխադարձ երկխոսության համար։ Անցած ժամանակի ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել՝ ի շահ երկու շահագրգիռ կողմերի:

Մեր փոխհարաբերություններում շատ կարեւոր դեր է խաղում նաեւ անվտանգային ոլորտը։ Հայաստանում եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ռուս սահմանապահների ներկայությունը:

Ռուսաստանն ու Հայաստանը գտնվում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում։ Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի կառույցներում, միջազգային այլ ձեւաչափերում։ Մեր երկրների միջեւ գործում են ամենատարբեր ոլորտներում համագործակցության շուրջ երկու հարյուր համաձայնագրեր։ Գործում են երկկողմ համագործակցության բազմաթիվ մեխանիզմներ գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական եւ ռազմատեխնիկական, վերջացրած միջտարածաշրջանային կապերով եւ երիտասարդական համաժողովներով:

Դինամիկ զարգանում է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է՝ արտաքին առեւտրում 35,4 տոկոս ընդհանուր մասնաբաժնով, ինչպես նաեւ առանցքային ներդրող՝ ավելի քան 40 տոկոս տեսակարար կշռով։ Երկկողմ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2023 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 6,3 մլրդ դոլար։ (40,8% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ռուսական կապիտալի 100 տոկոսանոց կամ մասնակի մասնակցությամբ ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ, որոնցից շատերը Հայաստանի խոշորագույն հարկատուներն ու գործատուներն են: Տեղական ձեռնարկատերերն ավանդաբար մեծ ուշադրություն են դարձնում բիզնեսի սոցիալական պատասխանատվությանը, իսկ նրանց կողմից բացված ձեռնարկությունները Հայաստանի բիզնես լանդշաֆտի անբաժանելի մասն են եւ իրենց ներդրումն են ունենում հանրապետության զարգացման գործում:

Հատկանշական է, որ Միության երկրների շարքում 2023 թվականին տնտեսական աճի տեմպերով առաջատարը հենց Երեւանն է։ Նախորդ տարի Հայաստանի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ աճել է 41%-ով եւ կազմել 3,6 մլրդ դոլար»,- ասվում է ուղերձում։

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Կառավարությունն իր ապրիլի 4-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման եւ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման եւ կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում:

Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի, եւ դա կապակցվում է վերաորակավորման կրեդիտների պահանջների կատարման հետ: ՇՄԶ ստեղծման հիմք է հանդիսանում վերաորակավորման համակարգի ներդրումը:

Ներկայումս Հայաստանում չի գործում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ եւ արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով: Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ:

 

 

 

ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի մշակումը սկսվել է փետրվարին, եւ այս աշխատանքի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումն է։ Այս մասին ապրիլի 4-ին՝ Ազգային ժողովում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ նոր օրակարգը, որի վրա ներկայումս աշխատանքներ են տարվում, կոչված է թարմացնելու գործող համագործակցության օրակարգը։ Այն հիմնված է լինելու CEPA-ի համաձայնագրի վրա։ «Այն նաեւ առաջնահերթություն կդնի, թե ինչպես մենք միասին աշխատենք՝ օգնելու ավելի արագ հասնել CEPA-ի նպատակներին եւ հասկանալ, թե ավելին ինչ կարելի է անել: Նոր օրակարգը հիմնված է լինելու նախկին համագործակցության վրա, բայց ավելի առարկայական»,- ասել է Մարագոսը։ Զարգացման ընթացքում, ինչպես նշեց դեսպանը, հաշվի են առնվում մի շարք տարրեր, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը, արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը եւ ոլորտային խնդիրները, ինչպես նաեւ էներգետիկան, առեւտրատնտեսական բազմազանությունն ու դիվերսիֆիկացիան, ենթակառուցվածքները եւ այլն։

 

 




Լրահոս