«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։ Այս մասին հայտնում է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը։

 

Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչեւ պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ: Զուգահեռներ տանելով 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած միջազգային բնակարանաշինական նախագծերի հետ, հարթակը նաեւ հուշում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարող են միջնաժամկետ լուծում տալ՝ կանխելով հազարամյա մշակույթի ոչնչացումը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակն ընդգծում է Եվրոպական միության դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդ, երբ 2021 թ. բանակցային գործընթացն առաջնորդում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նամակում ասվում է, որ թեեւ ԵՄ-ն շարունակաբար ընդունում էր Արցախի հայության մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ ԵՄ ղեկավարությունը հաճախ շեշտում էր Արցախահայության «ինտեգրման» կարեւորությունը Ադրբեջանում եւ հանդես էր գալիս դրա օգտին նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման եւ սովամահության էր ենթարկում  նրանց եւ իրականացնում էր ռազմական ագրեսիա։ Հարթակը հղում է անում Եվրոպական խորհրդարանի  2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձեւին, որն արտահայտում է «խորը դժգոհություն այն փաստի առնչությամբ, որ Եվրախորհրդարանի ահազանգերը Արցախի իրավիճակի եւ աղետալի հետեւանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի կողմից: Նամակի հեղինակները շեշտում են, որ անպատժելիությունը միայն քաջալերեց Ադրբեջանի հետագա կործանարար քաղաքականությունը»։

Նամակում նաեւ շեշտվում է. «Եթե ռուս խաղաղապահների անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել իր զազրելի հանցագործությունը, այնուամենայնիվ ԵՄ-ն նույնպես կրում է պատասխանատվության իր բաժինը վերը նշված պատճառներով։ Խոսքը չի վերաբերում Եվրոպական խորհրդարանին, որը պատվով կատարեց դերը որպես ժողովրդավարության պալատ եւ շարունակաբար անաչառ դիրքորոշում էր ցուցաբերում իրավիճակի վերաբերյալ»:

Նշվում է, որ էթնիկ զտումների հետեւանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված հայեր ապաստան են գտել ՀՀ-ում։ «Թեեւ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց կարճաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ, բայց եւ այնպես դրանք բավարար չեն արժանապատիվ կյանք ապահովելու համար: «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը երախտագիտությամբ է ընդունում ԵՄ կողմից մարդասիրական օգնության հատկացումը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, այդ մարդասիրական օգնությունը լուծում է միայն կարճաժամկետ կարիքները: Փաստացի, արդեն մի քանի հազար արցախահայեր արդեն լքել են Հայաստանի Հանրապետությունը եւ չեն վերադարձել։ Սա իրական աղետ է։ Եթե իրավիճակը շարունակվի, ժամանակի ընթացքում արցախահայության ուրույն մշակույթը եւ բարբառները կվերանան»,- ասված է նամակում։ Հիշյալ նամակն ուղղված է Եվրոպական միության ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվիեր Վարհելիին, ԵՄ արտաքին եւ անվտանգային քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամերի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակը հասցեագրվելու է նաեւ ԵՄ անդամ-պետությունների կառավարություններին, մասնավորապես՝ այն երկրների կառավարություններին, որտեղ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացուցչական մարմին ունի։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

 

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝

 

«Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի եւ կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը եւ ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ:

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, ծրագրի շրջանակներում իմպլեմենտացնող բոլոր կառույցներին՝ երկարատեւ համագործակցության համար։ Նա նշել է, որ գործընկերությունն աստիճանաբար վերածվել է միասնական նպատակի, արժեհամակարգի իրացման համագործակցության։

Արփինե Սարգսյանը կարեւորել է միջազգային գործընկերների օժանդակությամբ եւ կայուն համագործակցության արդյունքում առկա ծրագրի շրջանակներում այն թիրախները, որոնք միտված են ինչպես միգրացիոն կառավարման նոր սխեմայի առաջքաշմանը, այնպես էլ այնպիսի անձնակազմի եւ մեթոդաբանությամբ աշխատանքին, որը թույլ կտա հանրությանը մատուցվող ծառայությունների տեսանկյունից սահմանել նոր նշաձող եւ հետեւողականորեն ամրապնդել այն:

 

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ ՉԿԱ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Օրերս տեսակցության էի գնացել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Նա ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի: Այս գործով անգամ տուժողին չեն կարողանում գտնել դատական կամ իրավապահ այլ մարմինները: Բայց Արմեն Աշոտյանը մոտ 10 ամիս է՝ անհիմն գտնվում է կալանքի տակ:

Ապրիլի 10-ին դատավոր Վահե Դոլմազյանը պետք է քննի Աշոտյանի կալանքի հարցը՝ որոշելով քաղբանտարկյալը կշարունակի մնալ կալանքի տակ, թե նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կփոխարինվի այլ տեսակով: Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա:

Ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կարեւորագույն կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ապրիլի 10-ի դատական նիստի վրա: Ինչ վերաբերում է Աշոտյանի տրամադրությանը, ապա այն, ինչպես միշտ, բարձր էր, մարտական: Միակ մտահոգությունը, որ ուներ մեր երկրին պատուհասած վտանգների առիթով էր, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր սադրանքներով եւ ոչ կոմպետենտությամբ բերել հասցրել է կրիտիկական պահի»։

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ՀԱՐՑ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը բացառել է արեւմտյան  զորքերի ուղարկումն Ուկրաինա։ BBC-ի հարցազրույցում Քեմերոնն ասել է, որ «եթե դաշնակիցները չավելացնեն աջակցությունը, պատերազմը տանուլ կտրվի»։

Բայց ի պատասխան այն հարցի, թե պետք է արդյոք արեւմտյան պետություններն Ուկրաինա ուղարկեն իրենց զինծառայողներին, նախարարն ասել է. «Ոչ։ Մենք Պուտինին նման թիրախ տալ չենք ուզում։ Ի վերջո, դա քաղաքական կամքի հարց է»,- ասել է Քեմերոնը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ երկրորդ այցն է կատարելու ԱՄՆ, որպեսզի Կոնգրեսին հորդորի ավելի շատ միջոցներ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար։

Ուկրաինա արեւմտյան զորքերի ուղարկման հնարավորության մասին վերջերս հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա արտահայտություններից հետո ՆԱՏՕ հիմնական երկրները, այդ թվում ԱՄՆ-ն եւ Գերմանիան, հայտարարել են, որ Ուկրաինա ՆԱՏՕ զորքեր ուղարկելու հարց դրված չէ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիեւը երբեք այդ մասին չի խնդրել դաշնակիցներին։

 

 




Լրահոս