ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ 2024թ. մարտի 30-ին, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 եւ 42-ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման, թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:
Քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 36-ամյա բնակիչը, ով զբաղվում է բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ, 2024թ. մարտի 30-ին իր համագյուղացի 42-ամյա տղամարդու հետ վերջինիս պատկանող եւ որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Կոմիտաս 7 հասցեին հարակից հատված, ապա շահադիտական դրդումներով, ինքնությունը չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ նույն նպատակով իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 570,81 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այն իր հետ ապօրինի տեղափոխելով՝ նույն տաքսով ուղեւորվել է Երեւան քաղաքի Կոմիտասի փողոցի մեկ այլ հասցեում գտնվող ռեստորանի դիմացի հատված, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:
36-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:
Կատարվել են խուզարկություններ, հետաքննության մարմնին հանձնարարություններ են տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Ձերբակալված 42-ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:
Նախաքննությունը շարունակվում է։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՅՑԵԼՈՒՆ
Ապրիլի 2-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա.Մ.-ի մոտ կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Ս.Ս.-ին։
Խուզարկության ընթացքում վերջինս, պատասխանատվությունից ենթադրաբար խուսափելու եւ իրեղեն ապացույցից ազատվելու համար, իր տաբատի գոտկատեղից անմիջապես հանել եւ նետել է փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է եւս 4 փաթեթ։ Դրանցից երկուսում առկա է եղել ընդհանուր 1,05 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ մյուս երկու փաթեթներում՝ ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Քաղաքացի Ս.Ս.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից եւ ներկայացվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԴԱՀԿ-ն տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչեւ 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված, դեռեւս չկատարված եւ վերոնշյալ օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը եւ դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով, իսկ լրացուցիչ հարցեր առաջանալու կամ տեղում վճարում կատարելու համար կարող են այցելել Ծառայության քաղաքացիների սպասարկման գրասենյակ։
Հարկադիր կատարման փուլում վճարման համակարգերում արդեն արտացոլված է լինելու յուրաքանչյուր կատարողական վարույթով տուգանքի 50 տոկոսի եւ մնացորդ գումարի համար հաշվարկված կատարողական ծախսի գումարը, բացառությամբ այն վարչական իրավախախտումների, որոնց վրա վերոնշյալ օրենքի կարգավորումները չեն տարածվում։
Տուգանքի 50 տոկոսը տոկոսը վճարելու դեպքում կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի համար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ մինչեւ 10000 դրամը՝ մնացորդ գումարի 50 տոկոսի չափով, 10000-100000 դրամի դեպքում՝ 5000 դրամ, իսկ 100000 դրամից բարձրը՝ մնացորդ գումարի 5 տոկոսը։
Նախատեսված արտոնությունից օգտվելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ։ Կարգավորումները կգործեն վաղվանից՝ ապրիլի 5-ից»։
ՄԻԵԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Երեկ հարցազրույցների փուլով մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուի ընտրության մրցույթը։ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են
1.Ալումյան Հայկ
- Գրիգորյան Լիզա
- Գրիգորյան Վահե
- Կարապետյան Նորա
- Մազմանյան Արմեն
- Մարգարյան Աննա
- Քոչարյան Վիգեն։
Ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուների անունները մրցութային հանձնաժողովը պետք է ներկայացնի նախագահին:
5 օրվա ընթացքում այդ ցուցակը պետք է հաստատի Հայաստանի նախագահը, ապա, ըստ հաստատված կարգի, ցուցակն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ անդամին ընտրելու են Եվրոպական դատարանում:
Եթե նախագահը չհաստատի ցուցակը, պետք է կրկին մրցույթ հայտարարվի:
Կարգի համաձայն՝ երեք թեկնածուների ցուցակում պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ:
Նկատենք, որ թեկնածուներից ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն առաջին անգամ չէ, որ նման ցանկություն է հայտնում՝ գնալ ՄԻԵԴ։
2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ