Ապրիլի 7-ից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի եւ մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի եւ մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը եւ սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների եւ ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:
Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։
Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80 տոկոսից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը (կալորիականությունը)՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:
Օրինակ, մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի հաշվով 17 գ սպիտակուցի միջին արժեքի (100 %) նշման դեպքում սպիտակուցի փաստացի պարունակությունը, հաշվի առնելով նոր պահանջները, չպետք է լինի 13,6 գ-ից պակաս (80 %) 100 գ արտադրանքի հաշվով: 100 գ արտադրանքի հաշվով ճարպի 18 գ (100%) միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի պարունակությունը չպետք է լինի 21,6 գ-ից (120 %) ավելի 100 գ արտադրանքի հաշվով:
Համանման մոտեցում է նախատեսված Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի եւ դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները եւ մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաեւ այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության եւ կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ՆՅՈՒԹԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութի առնչությամբ։
««Ժողովուրդ» օրաթերթում (02.04.24) եւ ArmLur.am լրատվական կայքում հրապարակված «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութի հետ կապված`
հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որեւէ աշխատակից երբեւէ չի ստացել եւ չի իրականացրել կեղծ օգտահաշիվներ ունենալու, դրանցով գործողություններ իրականացնելու հանձնարարություններ ու երբեւէ չի զբաղվել վերոնշյալ արատավոր գործունեությամբ։ Նշված նյութում նկարագրված գործելաոճն անընդունելի եւ դատապարտելի է կառույցի տնօրինության եւ աշխատակիցների համար։
Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ կարեւոր գործառույթներ ու աշխատանքներ, որոնք թափանցիկ եւ տեսանելի են ՀՀ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար։ Դրանց կարելի է ծանոթանալ iprc.am, orbeli.am, irazekum.am կայքերում։
Կենտրոնի ֆինանսական գործունեությունը նույնպես թափանցիկ է, ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեի համապատասխան միջոցառումների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքվող դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա, որոնց համապատասխան ներկայացվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները, իսկ գնումների գործառնությունները եւս օրենքի պահանջներին համապատասխան ամբողջությամբ հրապարակվում են»։
ԿԱԶՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում ընթացող գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին։
Նշվում է, որ նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցե. Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սուլթան Քամալետդինովը, իսկ Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է դարձել Ռուսլան Մուկամբետովը։
Գերասիմովը ներկայացրել է նաեւ նիստի մյուս մասնակիցներին. «Նրանք են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը, Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլեւիչը, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էմոմալի Սոբիրզոդան, Ուզբեկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Շուհրատ Խալմուհամեդովը»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՕԳՈՒՏ ՉԻ ՏՎԵԼ
Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացված եւ հավաքված տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի եւ «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձեւ»-ի լրացման
ժամկետները կարող են չհամընկնել արտահանման եւ ներմուծման փաստացի ժամկետներին)՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ երկրների միջեւ արտահանումը կազմել է 1 մլրդ 461 մլն դոլլար։ Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ներմուծումը կազմել է 1 մլրդ 365 մլն դոլար, իսկ առեւտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 827 մլն դրամ։
Արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 20 տրիլիոն 723 հազար դոլար։
Համեմատության համար ասենք, որ 2020 թվականի Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի շրջանառության արտահանումը կազմել է 255 մլն դոլար, ներմուծումը՝ 410 մլն դոլար, առեւտրաշրջանառությունը՝ 666 մլն դոլար։
Ստացվում է, որ 4 տարվա ընթացքում առեւտրաշրջանառությունը զգալի տեմպով աճ է գրանցել, սակայն թվերը դեռ իրավիճակ չեն ներկայացնում։
Բանն այն է, որ տնտեսագետները պնդում են, այս արդյունքը գրանցվել է, որովհետեւ Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր է դիտարկվել, եւ առեւտրաշրջանառության աճը զգալիորեն տնտեսությանն օգուտ չի տվել։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ