ԱՐՎԵՍՏԸ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ը հայ մշակութային եւ ազգային կյանքում առնչվում է մի շարք դեմքերի եւ դեպքերի հետ: Այն գրող Ղազարոս Աղայանի եւ դերասան Ազատ Շերենցի ծննդյան օրն է, ինչպես նաեւ այն օրը, երբ բացվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը:

 

1993 թվականի հենց այս օրն են հայկական զինված խմբավորումները, որոնք հետագայում պիտի դառնային ՀՀ զինված ուժերի հիմնասյունը, դուրս գալիս Օմարի լեռնանցք, որի հետեւանքով ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցնում է Մռավի լեռնաշղթան եւ Քարվաճառը թողնելով հեռանում:

Ղազարոս Աղայանն ու հայ գրականությունը

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ». ահա այսպես է մեծանուն գրողին բնութագրել մեկ այլ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը:

Գրող, մանկավարժ եւ հրապարակախոս Ղազարոս Աղայանը, որը հեղինակել է մանկավարժական-մեթոդաբանական բազմաթիվ աշխատություններ, հեղինակն է նաեւ երկար տարիներ հայկական դպրոցներում ամենատարածված այբբենարանի՝ «Ուսումն մայրենի լեզի» անվանմամբ. այն նախատեսված էր առաջինից չորրորդ դասարանի երեխաների համար:

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով եւ մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության համակարգ: Նա ներդրում ունի նաեւ «Արարատ» հանդեսի զարգացման, ինչպես նաեւ հայ թարգմանական գործի զարգացման հարցում: Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս եւ արեւմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով՝ թարգմանելով այնպիսի գրողների, ինչպիսիք են Իվան Կռիլովը, Ֆրիդրիխ Շիլլերը, Հայնրիխ Հայնեն, Լեւ Տոլստոյը, Ուիլյան Շեքսպիրը եւ այլք:

Աղայանը եղել է Հովհաննես Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական խմբակի անդամներից: Նրա ստեղծագործությունների շարքում ամենահայտնիներից է «Անահիտ» հեքիաթը, որի հիման վրա 1947 թվականին ֆիլմ, իսկ 2014 թվականին մուլտֆիլմ է նկարահանվել:

Ամենայն հայոց բանաստեղծի 30-ամյակն ու տուն-թանգարանի բացումը

Թանգարանը, որի ճարտարապետը Գրիգորի Աղաբաբյանն է, բացվել է 1953 թվականի ապրիլի 5-ին: Թանգարանի հիմնադիրը եւ առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է եղել՝ Աշխեն Թումանյանը, ցուցադրվել են ձեռագրերի պատճեններ, ֆոտոփաստաթղթեր եւ Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակներ՝ ընհանուր առմամբ ավելի քան 18 հազար ցուցանմուշ:

Առաջին հարկում կարելի է տեսնել մեծ գրողի կյանքի ուղին՝ կյանքի եւ գործունեության վերաբերյալ նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեղինակի հեքիաթների եւ պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։

Երկրորդ հարկում ներկայացված է Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ նույնությամբ վերարտադրված եւ կահավորված:

Մուտքին այցելուներին դիմավորում են «Անուշ» օպերայի հնչյունները՝ զուգորդված «Լոռվա ձորը» համայնապատկերով: Թանգարանում կարելի է նաեւ նկարվել Սասունցի Դավթի եւ Քուռքիկ Ջալալու հետ՝ համապատասխան հավելվածի միջոցով:

Տղամարդը՝ «Տղամարդիկ» ֆիլմից. Ազատ Շերենց

Թիֆլիսում ծնված Շերենցը հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից է: ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կարիերան սկսել է 1931 թվականին Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, ապա մեկնել Մոսկվա՝ հայկական թատրոն-ստուդիայում ուսանելու: Աշխատել է Գյումրիի թատրոնում եւ 1968-ից սկսել նկարահանվել «Հայֆիլմ» ստուդիայի ֆիլմերում, որոնցից հատկանշական են «Տղամարդիկ», «Մենք ենք մեր սարերը», «Սերոբի ծառը», «Խաթաբալան» եւ «Խնձորի այգին»:

Պետք է նշել, որ դերասանի մասնակցությամբ «Տղամարդիկ» ֆիլմը հայ իրականության ամենաազդեցիկ, ամենաիրական եւ ամենագրավիչ ֆիլմերից է, որը բարձր մասնագիտական մոտեցման եւ նվիրվածության արդյունք է: Եթե չեք դիտել, ապա հիշե՛ք. արվեստը ժամանակ չի ճանաչում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑ՝ ՓԱԿ ԴՌԱՆ ԱՌԱՋ

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ապրիլի 3-ից անժամկետ  նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ:

 

Նրանք դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի վերջիններս թատրոնին հնարավորություն տան շարունակել ստեղծագործական գործունեությունը՝ որպես անկախ թատրոն, սակայն՝ «Գոյ»-ի բեմում:

«Դիմում ենք նաեւ իրավապահ մարմիններին, դատարանին, որ մեր խախտված իրավունքները վերականգնվեն»,-թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է «Գոյ»-ի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սարգիս Արզումանյանը դիմել էր թատերական գործիչներին՝ խնդրելով նրանց աջակցությունը: «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երեւանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ  լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, եւ «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-նշել էր նա:

 

 

 

ՍԱՄԲՈՆ ԸՆՏԱՆԻՔ Է

Երեւանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:

Բացման պաշտոնական արարողության մեկնարկին վավերագրական ֆիլմով ներկաներին ներկայացվեցին Հայաստանում սամբոյի զարգացման փուլերը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց հյուրերին եւ հույս հայտնեց, որ սամբոյի մրցաշարերը կլինեն խաղաղության տոներ ամբողջ աշխարհի համար:

«Սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, ուժը` խաղաղությունը:  Նախորդ տարիների մրցաշարերի գերազանց կազմակերպվածության շնորհիվ միջազգային ֆեդերացիան Հայաստանին տվեց աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը»,-ասաց Հայրապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզի վրա իր ուրույն տեղն է գրավում:

«Թող հաղթեն ուժեղագույնները, հայտարարում եմ մրցաշարը բացված»,-ասաց Գիլոյանը:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 17 երկրի մոտ 300 մարզիկներ:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:

 

 

 

ՆԱՀԱՆՋԵԼ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաեւին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:

Հայաստանը եւս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս, կա եւս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

 




Լրահոս