Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերին, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ:
Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ խնդրելով պատասխանել հետեւալ հարցերին. ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում է սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչու՞ դեսպանը, որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:
ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, եւ եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:
Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը.
«Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ շփումներին եւ խաղաղության գործընթացին։ Այս գործընթացի հիմքը հարավկովկասյան երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն են, նպատակը պետք է լինի տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղությունը։
Հայկական եւ ադրբեջանական կողմերը մասնավորապես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եւ փետրվարին Բեռլինում դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաստատել են դեռեւս առկա խնդիրները խաղաղ միջոցներով լուծելու իրենց պատրաստակամությունը։ Գերմանիան պատրաստ է ուղեկցելու նրանց համապարփակ բանակցված՝ խաղաղ կարգավորում տանող այս խիզախ ճանապարհին, զորօրինակ, որպես հյուրընկալ կողմ, ինչպես փետրվարյան հանդիպումներին էր։ Բացի այդ, Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերին, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ Գերմանիան կարեւորում է նաեւ այն դերը, որ ստանձնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը (EUMA)՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ փոխվստահության ձեւավորման»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո՝ մինչ այս պահը, Արցախը պաշտոնապես լքել է 115 հազար անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։ Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։ Սա դեռ ամենը չէ. փետրվար եւ մարտ ամիսներին փոխանցումներ նորից եղել են, իսկ այսօր կայացած վարչապետ Փաշինյան, ԵՄ եւ ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանին է փոխանցվել 270 մլն եվրո ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից։ Հայաստան եկած այս ֆինանսական հոսքի արդյունքն այդպես էլ չի երեւում։ Մինչ այսօր գեթ մեկ արցախզի պետությունից լիարժեք որեւէ օգնություն չի ստացել։ Արցախից բռնի տեղահանվածների գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը։ Ոչինչ չի արվում գոնե մնացածին արժանապատիվ աջակցելու համար։ Սպասենք՝ տեսնելու, թե հիմա ինչ կոռուպցիոն սկանդալներում կմսխվեն այս գումարները։
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անցած տարի՝ օգոստոսի 2-ին, գրել էինք, որ հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վերջինս գնացել եւ հարցաքննվել է որպես վկա ու վերջ։ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։ Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։ Հիշեցնենք, որ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության էր հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին։ Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ թիրախավորում է ուժայիններին՝ դատախազությանն ու քննչականին՝ մեղադրելով շոուներ կազմակերպելու համար։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ արտաքին քաղաքական վերջին շրջադարձերը լուրջ կրքեր են բորբոքել: Բանն այն է, որ որքան էլ իշխանականներն իրենց հարցազրույցներում կամ լրագրողների հետ զրույցներում կրկնում են նույն թեզերը, ինչ Փաշինյանն է ասում, բայց իրականում նրա որոշումները ոչ միանշանակ են ընդունվում թիմում: ՔՊ-ականներից շատերը անորոշ վիճակում են, չգիտեն՝ ինչ դիրքորոշում հայտնեն այս կամ այն հարցի շուրջ, օրինակ՝ Տավուշի գյուղերի հանձման կամ էլ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների մասով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է խորհրդարան՝ ՔՊ-ականների հետ հանդիպման: Իշխանականները հույս ունեն, որ գոնե այս հանդիպումների ժամանակ սպառիչ պատասխաններ կստանան Փաշինյանից, որը, սովորաբար, իր որոշումները գաղտնի է կայացնում, ու ՔՊ-ում միայն հաշված մարդիկ են նախապես իմանում: «Ժողովուրդ» օրեթերթի տեղեկություններով՝ այս անորոշությունը սրել է իրավիճակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Իշխանական պատգամավորներից ամեն մեկը փորձում է իրեն լիդեր կարգել ու իր գաղափարի շուրջ համախմբել մյուսներին, այլ կերպ ասած՝ թիմի ներսում իրենց թիմն են ստեղծում, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը: