ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։
Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ Էդ Մարկին (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից), Բիլ Քեսիդին (Հանրապետական՝ Լոս Անջելեսից), Թոմ Թիլիսը (Հանրապետական՝ Հյուսիսային Կարոլինայից) եւ Գարի Փիթերսը (դեմոկրատ՝ Միչիգանից)։
Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների եւ այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։
«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի եւ հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար, ոչ միայն խաթարել է կայուն եւ արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլեւ քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», – հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։
Նրա պնդմամբ՝ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի արցախահայության՝ իրենց հայրենի հայրենիքում խաղաղ եւ անվտանգ ապրելու հիմնարար իրավունքներին:
Նամակում, որտեղ կոչ է արվում Պետքարտուղարությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, ընդգծվում է անհրաժեշտությունը, որ Բայդենի վարչակազմը վճռականորեն պաշտպանի եւ ապահովի հայերի՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը:
Թեեւ Բայդենի վարչակազմը մի քանի հրապարակային հայտարարություններով պաշտոնապես հաստատել է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը, այդուհանդերձ որեւէ շոշափելի գործողություն չի ձեռնարկել՝ ապահովելու համար այն անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի նաեւ հայերի՝ հետապնդումներից զերծ լինելն այն դեպքում, եթե նրանց թույլատրվի վերադառնալ իրենց տները:
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների ընթացքը՝ սենատորները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի փորձերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»:
Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ներկա եւ նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի եւ այլոց՝ շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Գեղարքունիքի մարզի հանրակրթության ոլորտում արդեն հայտնի են «Լավագույն տնօրեն», «Լավագույն տեղակալ», «Հասարակություն, հասարակական գիտություններ» եւ «ԲՏՃՄ բնագավառի լավագույն ուսուցիչ» անվանակարգերի հաղթողները։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2024 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն, համաձայն որի՝ նախատեսվում է կրթության գործընթացի վերանայում մի շարք ուղղություններում՝ սկսած ուսումնական պլանի կազմումից մինչեւ նախագծային աշխատանքների իրականացումը եւ պարտադիր խմբակների գործարկումը։
Այն ենթադրում է նաեւ դասավանդման մեթոդաբանության վերանայում, միջառարկայական կապի ապահովում, ինքնուրույն հետազոտական եւ ստեղծագործական գործունեության խթանում։
Հաշվի առնելով չափորոշչի ներդրմամբ պայմանավորված աշխատանքների հիմնական ուղղությունները՝ սահմանվել է լավագույն փորձի խրախուսման 10 անվանակարգ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ամփոփելով 2024 թվականի առաջին եռամսյակում Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից մասնակցություն ցուցաբերած մանկավարժների կողմից ներկայացված լավագույն փորձառությունը եւ գնահատելով նրանց կարողությունները, «Լավագույն տնօրեն» անվանակարգում լավագույն է ճանաչել Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանին, «Տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում՝ Գավառի Սուրեն Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Գոհար Շահինյանին, «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա» անվանակարգում՝ Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նունե Օսեյանին եւ նույն դպրոցի շախմատ առարկայի ուսուցչուհի Զարուհի Նալբանդյանին, «Հասարակություն, հասարակական գիտություններ» անվանակարգում՝ Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Ավագյանին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ՝ մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից կշարունակվեն յուրաքանչյուր ամիս ընտրվել լավագույն աշխատողներ, որոնց անվանացանկը կներկայացվի մարզպետի աշխատակազմ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՆՈՐՈԳԵԼ
Տավուշի մարզպետարանի տեղեկություններով՝ մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 10 դպրոցների շենքեր ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Չնայած նրան, որ պետական բյուջեից հսկայական գումարներ են տրամադրվում պետական պաշտոնյաներին պարգեւատրելու նպատակով, Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր, որոնք հիմնանորոգման հրատապ կարիք ունեն, տասնամյակներ շարունակ չեն նորոգվում։ Այդպիսի դպրոցներից է Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավանի դպրոցը։ Կրթության, դաստիարակության գործում հաջողություններ ունեցող այդ դպրոցի շենքի նորոգման խնդիրը մասամբ լուծվում է ոչ թե պետական ֆինանսավորմամբ, այլ բերդավանցիների հանգանակած գումարներով: Բերդավանում, Հայաստանի, արտերկրի տարբեր բնակավայրերում ապրող բերդավանցիները գումարներ են հանգանակում, որպեսզի հայրենի, սահմանամերձ գյուղում տարբեր աշխատանքներ իրականացնեն, այդ թվում՝ Բերդավանի դպրոցում վերանորոգման աշխատանքներ անեն։ 2023 թվականի սկզբին «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ ասֆալտապատվել է Բերդավանի դպրոցի մուտքից դեպի դպրոցի ֆուտբոլի խաղադաշտ տանող ճանապարհը։ 2023 թվականի դպրոցական «Վերջին Զանգի» նախաշեմին «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ամբողջությամբ փոխվել է Նոյեմբերյան Բերդավանի դպրոցի մուտքի դարպասը, տեղադրվել է նոր, մեծ դարպաս։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե երբ է վերանորոգվելու Բերդավանի միջնակարգ դպրոցի շենքը: Մարզպետարանից պատասխանել են. «Բերդավանի դպրոցում կատարվել են բազմաթիվ էպիզոդիկ ծրագրեր, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ դեռեւս չի իրականացվել, սակայն այն ընդգրկված է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզների ծրագրի մեջ, եւ այն կիրականացվի մինչեւ 2026 թվականը»:
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐ
Ֆեյսբուքի «Դիլիջանցիք» խմբում, որի անդամները հիմնականում Դիլիջան համայնքի բնակիչներ են, Դիլիջան համայնքի բնակիչներից մեկը տեղադրել է հաստ, թաց վառելափայտով բեռնված բեռնատարի լուսանկար, իր անուն-ազգանունը, հեռախոսահամարը եւ վառելափայտի վաճառքի հայտարարություն։ Տրամաբանական է, որ այդ փայտը հատվել է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հատումներն ընդհանրապես արգելված են։ Դիլիջանի ազգային պարկում շարունակվող ապօրինի անտառհատումներին, ազգային պարկի հատաբուն վերջին ծառերը հատելու վերաբերյալ վերջերս հրապարակումներ է ունեցել «Բնապահպանի տուն» ՀԿ-ն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ