ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ «ՀԻԳԻԵՆԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։

Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:

Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։

Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։

Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։

Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։

Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։

Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ։

 

 

 

 

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման եւ սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը եւ մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսնքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են  Գլխավոր դատախազ Աննա  Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը ժամանակ է տրվել հանձնաժողովի անդամներին՝  ամփոփեն իրենց մեջ մրցույթը, գնահատեն մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ: Տեղեկացանք, որ հանձնաժողովի որոշ անդամներ դրական են արտահայտվել իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի մասին, ասել է թե՝ նա արդեն հանձնաժողովի դրական գնահատականը ունի, իսկ թե ինչ կլինի վերջնարդյունքում, կիմանանք ապրիլի 16-ին: Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին: Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են՝ Հայկ Ալումյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե  Գրիգորյանը, Նորա Կարապետյանը, Արմեն Մազմանյանը, Աննա Մարգարյանը եւ Վիգեն Քոչարյանը: Եվ ահա, թեկնածուները սպասում են արդյունքներին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով: Ինչպես հայտնի  է,  այս տարվա հունվարի 31-ին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպին քրեաիրավական գնահատական տալու: «Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ահա, այս գրությունից մի քանի օր հետո իրավապահները հայտնաբերեցին այն կատարողին: Վերջինս 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել  էին Բագրատաշենի անցակետից. նա ուզում էր դիմել փախուստի: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել էր Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել էր ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»:




Լրահոս