Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ապրիլի 6-ին հանրահավաք իրականացրեց Շառլ Ազնավուրի հրապարակում:
Նպատակը գործող իշխանությունների հեռացման շուրջ հանրային եւ քաղաքական կոնսոլիդացիա ձեւավորելն էր:
ArmLur.am-ը հանրահավաքի արդյունքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ զրուցել է Սուրեն Սուրենյանցի հետ:
-Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս կամփոփեք հանրահավաքը, արդյունքները Ձեզ համար բավարարո՞ղ էին:
-Իմ կանխատեսումներն իրականացան. առաջին անգամվա համար ակցիան հաջողված եմ համարում, որովհետեւ սա մեր առաջին փորձն էր: Դահլիճային լեփ-լեցուն հանդիպումներից հետո սա հրապարակային հանրահավաքի առաջին փորձն էր, 200-ից ավել մարդ է ներկա եղել, կարեւորը, որ հարթակում երեւացել են նոր քաղաքական գործիչներ, որոնք այլ հարթակներում ակտիվություն առանձնապես չեն ունեցել՝ Դավիթ Ֆիդանյան, Նարեկ Պարոնյան: Ես համարում եմ, որ ստացված էր հանրահավաքը, հաշվի առնենք նաեւ այդ օրվա անկայուն եղանակը:
-Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը, ունե՞ք ծրագիր:
Մենք գործընթացի մեկնարկն արդեն տվել ենք՝ ապրիլի 20-ին երկրորդ հանրահավաքն են իրականացնելու: Այս հանրահավաքները նպատակ ունեն հասարակության շրջանում գիտակցված դիրքորոշում ձեւավորելու: Հասարակությանը պետք է ոչ թե ինչ-որ պատրաստի բան մատուցեն, այլ փաստարկների ներկայացմամբ հասնենք նրան, որ նրանց մեջ գիտակցություն ձեւավորվի, որ այս իշխանության վարած քաղաքականությունը կանգնեցնում է կոլապսի առաջ, անհրաժեշտ են փոփոխություններ:
Ես կարծում եմ՝ նման փոքր հանրահավաքներով Երեւանի տարբեր հատվածներում եւ մարզերում, մենք մայիս-հունիս ամիսներին կունենանք մի վիճակ, որ կարող լինենք ավելի ընդգրկուն գործընթաց սկսելու, քանի որ ամեն հանրահավաքից հետո նոր մարդիկ են միանում:
Ես գոհ եմ արդյունքներից, քանզի ինքս ռեալիստ եմ, պատրանքներ չեմ ունեցել, թե առաջին հանրահավաքը պետք է մարդաշատ անցնի: Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքին մոտ 400-500 անձի մասնակցություն կլինի:
-Պարո՛ն Սուրենյան, այլ ընդդիմադիր ուժերի հետ պատրա՞ստ եք համագործակցելու, կա՞ն նրանց հետ քննարկումներ:
-Բոլորի հետ բանակցու ենք. առհասարակ, մեր նպատակը կոնսոլիդացված ընդդիմադիր հարթակ ունենալն է:
-Այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությա՞ն հետ:
-Այո՛, այդ թվում խորհրդարանական ընդդիմության. ոչ ոքի չենք ուզում մեր ընդգրյումից դուրս թողնել, բայց մյուս կողմից էլ կարծում ենք, որ ընդդիմությունը նոր հարթակի անհրաժեշտություն կա: Ես խորհրդարանական ընդդիմության դեմ ոչինչ չունեմ, բայց չէի ցանկանա որ հարթակը նույնական լինի եւ ասոցացվի բոլոր այն շարժումների հետ, որոնք ձախողվել են:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԼՌՈՒԹՅԱՆԸ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դատավոր և քաղաքային դատարանի նախագահ նշանակելու մասին.
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյան հետ՝ լսելու իր մեկնաբանությունը այս թեմայի վերաբերյալ.
«Իրենք իրենց քաղաքականությունն են վարում, կոնկրետ ինձ համար իրենց ցանկացած քայլ կեղծ է, սուտ, դատարկ, բայց դա քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը. այսինքն՝ հաստատվելով այնտեղ, ջնջեց մեր մշակութային ամբողջ հայկականությունը, հիմա մեր պետականության բոլոր հետքերն է վերացնում. դա հանցավոր քաղաքականություն է, որն Ադրբեջանն աշխարհի առաջ իրականացնում է: Մեզ համար կանխատեսելի էին այդ քայլերը, բայց հասկանալի ու ընդհունելի չէ աշխարհի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Ադրբեջանը հանցագործ է եւ իր քայլերը չի թաքցնում»:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, պետք է շահագրգիռ կողմը լինեին, սակայան հակառակը՝ իրենք նույնպես միացան աշխարհի լռությանը:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական եւ անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ կարեւորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետեւողական զարգացումը եւ այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը:
ՀՀ վարչապետը շեշտել է ԵՄ օժանդակության կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետեւողական զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023թ. մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարեւորությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին եւ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարեւորվել է միջազգային հանրության հետեւողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով: