ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԴԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել էր ԱԺ երեք խմբակցությունների և անկախ պատգամավորներին՝ ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։

 

ArmLur.am-ը զրուցել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պահանջագիրն արդեն ներկայացրել են խմբակցություններին։

«Այսօր՝  (խմբ.) ժամը 4-ին, մենք ժողովրդին հրավիրում ենք հանրահավաքի, որով   մեր պահանջագիրը կդարձնենք բաեւ որպես ժողովրդի պահանջ։ Այսինքն՝ ոչ թե միայն «Միասին» շարժման պահանջ, այլ «Միասին» շարժման եւ նրան աջակից ժողովրդի պահանջ, որովհետեւ այսօրվա կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն տարի ու կես է լեգիտիմ չէ։ Մենք այս քայլով մեղադրում ենք նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք պարտավոր էին իրենց կողմից հաստատված կառավարության ծրագրին հետեւել».- մեզ հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ կառավարությունն ամեն բան արել է հակառակ։

«Երբ կառավարությունն ամեն բան անում էր հակառակ, ընդդիմադիրները պարտադիր պետք է կառավարությանը կանչեին Ազգային ժողով եւ առնվազն բացատրություն պահանջեին. բայց քանի որ կառավարությունն ինքը ոչ մի բան չի արել, որպեսզի գնա Ազգային ժողովում փոխի ծրագրի այս կամ այն հատվածը, իսկ Ազգային ժողովն էլ իր վերահսկողական գործառույթը չի օգտագործել, ապա այսօրվա դրությամբ ԱԺ ամեն մի պատգամավոր դրա համար նաեւ ինքն է պատասխանատու»,- ասաց Սարգսյանը։

Արամ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի վրա իրենք դրել են անհատական պատասխանատվություն եւ արդյունքում պահանջում են, որ կատարողականի քննարկման ժամանակ ֆրակցիաներից որեւէ մեկը կամ նույն 3 ֆրակցիաները, նախագիծ ներկայացնեն առ այն, որ այսօրվա իշխանությունը խախտել է սահմանադրական կարգը։

«Այսինքն՝ իրենք օրինախախտ են այս պահին. ընդունված ծրագիրը իրենք կատարել են օրենքին հակառակ, եւ դա եղել է ռազմավարական ուղղությունների նկատմամբ՝ ե՛ւ բանակի տեսանկյունից, ե՛ւ Արցախի հետ կապված, ե՛ւ արտաքին հարաբերությունների առումով, եթե դուք ուշադիր կարդաք իրենց նախընտրական ծրագիրը եւ իրենց այսօրվա կատարած գործողություններին հետեւեք, ապա կտեսնեք, որ գլխիվայր շուռ են տվել ամեն ինչ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԲԱԼԱՆՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է  տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը:

Այս մասին ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության, խախտված բալանսի կարգավորմանը, որովհետեւ դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնելու ռազմական գործողությունների, մեկ անգամ՝ 2016 թվականին, լայնամասշտաբ՝ 2020-ին»,-ասաց Քոչարյանը:

Նա կարծում է, որ եթե ԶՈՒ-ն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ: Դրան միտված են նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր:

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԲԱՔՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին:

Այս մասին տեղեկացրեց  արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի մասին առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

Օրերս արտգործնախարար Միրզոյանն ասել էր, որ Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Դրանք են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացը եւ ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

 

 

 

ԵՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Եվրամիության խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն կժամանեն Հարավային Կովկաս:

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։

Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ Երեւանում եւ Եվրամիության դիտորդական առաքելության գրասենյակում։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի մասին։

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության հարցեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ կարեւոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաեւ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից եւ ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարեւորությունը։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման մասին, ինչի առնչությամբ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը եւ ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձեւավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարեւորությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության եւ  տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Հայաստանի Հանրապետության մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991 թվականին Ալմաթիի հռչակագրի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարեւորությունը:

 

 




Լրահոս