Մարտի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տեւական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի տարածքում:
Վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից եւս երկու անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել:
Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ հայտարարվել հետախուզում։
Քննությամբ նաեւ նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջեւ նախկինում տեղի է ունեցել նաեւ այլ միջադեպ, որը վրեժի շարժառիթով դարձել է 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս եւ այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական եւ վարութային անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը եւ փայտյա մահակը՝ չորացած, արնանման հետքերով, ինչպես նաեւ չորացած, արնանման հետքերով հագուստներ։ Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ. խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաեւ դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ հետախուզվողը միջադեպի մասնակիցներից մեկն է եղել, որին դեռ չեն գտել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՒՄԱՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ
«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել.
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիդ Ռուբիկի Շանոյանը, հանդիսանալով պետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության՝ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենը, հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար լիազորված լինելով տնօրինել հիմնադրամի գույքն ու ֆինանսական միջոցները, պարտավոր լինելով «Պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության՝ գումարների օգտագործման մասին պայմանագրով» ՀՀ կառավարության կողմից հատկացված 300.000.000 ՀՀ դրամ գումարն օգտագործել հիմնադրամի կարիքների համար, 2022թ.-ի դեկտեմբերի 20-ին իր՝ որպես հիմնադրամի տնօրենի, եւ քաղաքացի Արայիկ Ռուբիկի Շանոյանի միջեւ կնքված փոխառության պայմանագրի հիման վրա, նշված գումարից 8.800.000 ՀՀ դրամ անկանխիկ փոխանցման եղանակով տրամադրել է հարազատ եղբորը՝ Արայիկ Շանոյանին, որը, պարտավոր լինելով 6 ամսվա ընթացքում վերադարձնել նշված գումարը՝ չի վերադարձրել եւ օգտագործել է իր սեփանական կարիքների համար, ինչի հետեւանքով Դավիդ Շանոյանը՝ «Պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայամանագրով» իր ղեկավարած հաստատությանը հատկացված գումարից 8.800.000 ՀՀ դրամը չի ծախսել հիմնադրամի ծրագրով, կանոնադրությամբ եւ վերոհիշյալ պայմանագրով նախատեսված նպատակներով եւ հիմնադրամի շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԴԵՌ ՉԵ՞Ք ՊԱՅԹԵԼ…»
ՔՊ-ականների հեռախոսներին «Դեռ չե՞ք պայթել, այ…» բովանդակությամբ sms հաղորդագրություններ են ուղարկվում: Դեռեւս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելուց առաջ ՔՊ-ականներին նմանօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել, ինչի մասով ՀՀ քննչական կոմիտեում քննություն է իրականացվում՝ պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթի շրջանակներում:
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից են ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար, 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման եւ չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ եւ մանեկներ պարունակող ինքնաշեն պայթեցման սարքեր՝ ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար:
Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի՝ հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Նշված արարքները կատարելու պատճառով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, եւ բոլորը կալանավորված են։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ