ՀԱՏՎԵՑԻՆ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ-ն ահազանգում է խաբեության մասին՝ Երեւանի ծառերը հատվեցին առանց մասնագիտական եզրակացության.

 

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության եւ կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվեց «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագիրը։

ԳԱԱ-ից հայտնում են, որ նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների եւ կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ շրջակա միջավայրի նախարարությունից, բուհերից, փորձագետներ։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշեցին, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետեւաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։

Նշվեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա:

Ռուբեն Հարությունյանն ընդգծեց այդ հայտարարությունը եւ հավելեց, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերեց 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից եւ կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշեցին, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, եւ ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետները՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որեւէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները եւ դրանցից բխող հետագա քայլերը:

Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրեցին հետեւյալ խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան եւ նրա կազմում գործող գիտահետազոտական մասնագիտացված կառույցները, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը եւ  ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը չեն ստացել եւ չեն քննարկել «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագիրը եւ, հետեւաբար, չեն ներկայացրել մասնագիտական կարծիք ծրագրի վերաբերյալ։

ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին՝ բազմակողմանի եւ համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ եւ մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։

Մասնակիցները ողջունելի համարեցին «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գիտահեն որոշումներին ուղղված քայլերը, սակայն նման լայնամասշտաբ ծրագրերի քննարկումը կառույցի կողմից ստեղծված գիտական խորհրդում՝ փորձագիտական մակարդակում, բավարար չէ: Նիստի ընթացքում գիտնականների կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններ, բացեր եւ հարցադրումներ պահանջում են հետազոտություններ եւ առկա տեղեկության վերլուծություն։

ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություններ. այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ եւ այլն), առողջապահական եւ այլ տեսանկյուններից, որոնք հնարավորություն կտան որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները եւ հանրության հետ հաղորդակցությունը, ներկայացնելու ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք:

Ծառերի փոխարինման ծրագիրն արդիական է, սակայն ունի կարճաժամկետ բնույթ եւ անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման եւ այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների եւ խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն լուծումների եւ լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։

Առաջարկվում է մշակել Երեւան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել եւ իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ եւ էկոլոգիապես առողջ Երեւանի։

Բարձրաձայնվեցին եւ քննարկվեցին ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության եւ տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարեւորությունը։

Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։

ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԶՈՀՎԱԾԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԸ ՎՆԱՍՎԵԼ Է

Ապրիլի 5-ի ուշ երեկոյան, ապրիլի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար եւ Չինարի գյուղերը. այդ բնակավայրերում վնասներ են պատճառվել։ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Աստղիկ  Հակոբյանը հայտնեց, որ ինքը Տավուշի մարզպետարան է ներկայացրել Մովսես գյուղում 6 առանձնատների  ու գյուղի գերեզմանատանը վնասված 2 գերեզմանաքարերի մասին տեղեկություն, որպեսզի պետական բյուջեից աջակցություն ցուցաբերվի վնասների համար։ Համայնքի ղեկավարն ասաց, որ Մովսեսի գերեզմանատանը ադրբեջանական գնդակոծությունից վնասված երկու գերեզմանաքարերից մեկը  Մովսեսի բնակիչ, 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված  ժամկետային զինծառայող Հրանտ  Պապյանի գերեզմանաքարն է։ Զոհված զինծառայողի գերեզմանաքարը գնդակոծությունից մեծ չափով վնասվել է: «Ժողովուրդ» օրաթերթը համայնքի ղեկավարից տեղեկացավ, որ գնդակոծված բնակավայրերի բնակիչներից կարող են ընդունվել նոր դիմումներ՝ իրենց տներին պատճառված վնասների մասին, քանի որ որոշ բնակիչների առանձնատներ փակ են եղել, դրանց տերերը կարող են հետո իրենց բնակարաններում ադրբեջանական գնդակոծության վնասներ հայտնաբերել։ Ա. Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանական գնդոկոծությունից վնասներ կրած բնակիչներին պետական բյուջեից դրամական աջակցություն չցուցաբերվելու դեպքում տուժած բնակիչներին Բերդի համայնքապետարանի բյուջեից է ֆինանսական օգնություն ցուցաբերվելու։

 

 

 

ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՈՐՈԳՎԻ՞

Բերդ քաղաքից նույնանուն համայնքի Վերին Կարմրաղբյուր տանող ավտոճանապարհը շատ փոսառատ է։ Բերդի համայնքապետարանից հայտնել են, որ  այդ  ճանապարհը համայնքային ենթակայության չէ. նախկինում մի քանի անգամ նշված ճանապարհի հիմնանորոգման մրցույթներ են հայտարարվել, սակայն մրցույթները չեն կայացել, քանի որ դրանց մասնակից շինարարական ընկերություններ չեն  եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝  հարցնելով, թե երբ է նորոգվելու Բերդ համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող այդ  ճանապարհը։  Տավուշի մարզպետարանից պատասխանել են. «Վ.Կ.Աղբյուրի հանրապետական նշանակության մայրուղու հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն այս տարի, գումարի չափի մաին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկություն, քանի որ աշխատանքների պատվիրատուն հանդիսանում  է ՀՀ ՏԿԵՆ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս