Սենյակը տաքացնելու համար նա այրել է սեփական կտավները, հարցաքննվել «Մոնա Լիզա»-յի գողության համար, երկու անգամ ամուսնացել է եւ ապօրինի զավակ ունեցել. Պաբլո Պիկասո ֆենոմենն ու կյանքի հետաքրքիր դրվագները:
1973 թվականի ապրիլի 8-ին՝ 51 տարի առաջ, մահացել է աշխարհահռչակ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ եւ կերամիկայի մասնագետ Պաբլո Պիկասոն:
Նկարիչը, ով իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում, հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր: Տարբեր նկարչական ոճերի զարգացման հարցում մեծ դեր ունեցած Պիկասոն երիտասարդ տարիներին հիմնականում ստեղծագործել է ռեալիստական ոճում, իսկ ավելի հասուն տարիքում անցում կատարել նոր ոճերի՝ տեսությունների, տեխնիկաների եւ գաղափարների ազդեցությամբ: Հենց այս արտիստիկ գործերն էլ նկարչին համաշխարհային ճանաչում են բերել՝ նրան դարձնելով 20-րդ դարի արվեստի ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:
Իսպանիայի Անդալուզիա շրջանում ծնված Պիկասոն ընտանիքի առաջին զավակն էր: Աղքատ ազնվկաններից սերող հայրը տեղի թանգարանի վարիչն էր եւ Կրաֆտա դպրոցի արվեստի պրոֆեսորը, որը հիանալի նկարում էր թռչունների պատկերներ. նկարչական տաղանդն ու նախասիրությունը Պաբլոն ժառանգել է հենց հորից:
Առաջին փորձերը պատանի Պիկասոն անում է հոր նկարների էսքիզների վրա: Ավանդույթի համաձայն՝ բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, հայրը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն եւ ցանկացել է թողնել նկարչությունը։
1895 թվականին Կորունա տեղափոխված ընտանիքը կորցնում է Պիկասոյի կրտսեր քրոջը եւ մշտական բնակություն հաստատում Բարսելոնայում: Հոր ջանքերի եւ ծանոթությունների շնորհիվ Պաբլոն կարողանում է դիմել ակադեմիա, որի ավարտական քննությունները վերջնարդյունքի է հասցնում մեկ շաբաթում, հակառակ նրան, որ այն սովորաբար ուսանողների շրջանում տեւել է մոտ մեկ ամիս: Հենց ակադեմիայում էլ Պաբլոն ձեռք է բերում այն շրջապատը, որը մեծ ազդեցություն է ունենում իր հետագա ստեղծագործական կյանքի վրա:
Ակադեմիական կրթությունից հետո հայրն ու հորեղբայրը երիտասարդին ուղարկում են Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, ինչն էլ լինում է նրա առաջին միայնակ ճանապարհորդությունը:
1900 թվականին Պիկասոն առաջին անկամ մեկնում է Փարիզ, որը ժամանակի Եվրոպայի՝ արվեստի մայրաքաղաքն էր համարվում. այնտեղ է նկարիչը հանդիպում է լրագրող եւ բանաստեղծ Մաքս Ջակոբսին, որը օգնում է նրան ֆրանսերեն սովորել: Պիկասոյի կյանքի այս ամենաաղքատ ժամանակներում բազմաթիվ արվեստի գործեր այրվել են փոքրիկ սենյակը տաքացնելու համար:
1901 թվականին Պիկասոն 5 ամիս ապրում եւ ստեղծագործում է Մադրիդում, որտեղ ընկերոջ հետ բացում է «Նոր արվեստ» սրահը:
Ավելի ուշ Պիկասոն, որն արդեն նկարների տակ մակագրում էր «Պիկասո», ծանոթանում է Սթեյն եղբայրների հետ, որոնք մեծ հետք են թողնում իր արվեստի վրա. հայտնի ամերիկացի կոլեկցիոներները սկսում են գնել Պիկասոյի գործերը: Գերթրադ Սթեյնը Պիկասոյի նկարների ցուցահանդեսներն է կազմակերպում Փարիզի իր տանը կից ոչ պաշտոնական ցուցասրահում: Նա հասցնում է մեծ շրջապատ ձեռք բերել եւ նույնիսկ հարցաքննության է կանչվում «Մոնա Լիզայի» կտավի գողության գործով:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։
Սիմֆոնիկ նվագախումբը, որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ, կունենա 5 համերգ, որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։
Փառատոնի շրջանակներում մայիսի 9-10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» կրկնակի եւ «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։
Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը, որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։
Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։
Մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։
Համերգները կկայանան Դուբայի օպերայում։
3 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ` 14 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարեւորում է այդ առաջնությունը:
«Դեռեւս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաներն էին, որոնք, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը, որտեղ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` սպորտը երկրպագուների համար է եւ Հայաստանում երկրպագուների ներկայությունը կարեւորվում է:
«Մինչեւ 2027 թվականը հեշտ չի լինելու: Մենք առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու, ընդ որում` նաեւ խաղային ձեւերից եզրափակիչ մրցաշարեր: Նախորդ 2 տարում Հայաստանում այնքան բարձրակարգ մրցում է եղել, որքան չի եղել Խորհրդային միության 70 եւ հետխորհրդային 27 տարիներին»,-առանձնացրեց նա:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:
ԵՐԵՔ ՀԱՅ ՀՐԱՁԻԳ` ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձեւում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ եւ 50մ մրցաձեւերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձեւերի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձեւում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը:
ՍՊԵՐՑՅԱՆԸ՝ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի հետ եւ առավելության հասավ 3:4 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ դուբլի հեղինակ եւ անցկացրեց իր 100-րդ հանդիպումը թիմի կազմում: