ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին թեժ է անցել: Նախ, ի սկզբանե, ՔՊ-ականները ջանք չխնայեցին, որ նիստը փակ ֆորմատով անցնի՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարցեր են քննարկելու: Ավելին՝ ընդդիմադիր մի քանի պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Լեւոն Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ հիմնավորելով, որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

ՔՊ-ից գաղտնիության թուլտվություն չուներ Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել մանդատը: Քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը: Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսեւորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու:

Թե’ Միրզոյանի, թե’ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու: Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, եւ որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում:

Բացի այս, ընդդիմադիրները նաեւ նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի:

Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել:

Տեղեկացանք նաեւ, որ Միրզոյանին  եւ Գրիգորյանին հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող էր հանդես գալիս:

 

 

 

 

Շուրջ 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցացործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, թե ով է հետախուզվողը, նա Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույզում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, հայտնեց, որ իրեն կամ որդիներին չեն հրավիրել հարցաքննության։ Ըստ նրա՝ հետախուզվողին չեն ճանաչում, անգամ անվան ու ազգանվան առաջին տառն էլ իրենց ոչինչ չի ասում։ Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի եւ Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից եւ ինքնությունները դեռեւս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաեւ 42-ամյա Գ. Վ.-ն:                                                                                                              Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  դատարան է գալիս իր հարազատների օգնությամբ։ Նա առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է քայլում։ Արդյունքում՝ նրան օգնելով բերեցին դատարան, ու նա սպասում էր, թե իրեն որ դահլիճ կկանչեն՝ ներկայանալու. սակայն կարգադրիչները նրան հայտնեցին, որ նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Սուրեն Խաչատրյանը դասերի է գնում. միգուցե ծանուցում են ուղարկել նախկին ոստիկանապետին ու չի հասել։ Արդյունքում՝ Վլադիմիր Գասպարյանին այլ ելք չմնաց, քան ինչպես դժվարությամբ ներկայացել էր, այնպես էլ հեռանար դատարանից։ Մի դեպքում դատավորները դասի են, մյուս դեպքում բենզին չկա կամ ուղեկցող ոստիկաններ՝ կալանավորներին դատարան բերելու համար, մյուս դեպքում վկաներին չեն կարողանում բերման ենթարկել. ահա այսպիսին է իրավիճակը դատարաններում։

 

 

 

 

2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել եւ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին եւ բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներն։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։ Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։  2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։ ՊՈԱԿ-ի ղեկավարը Խաչիկ Մարտիրոսյանն է։ Կառույցի նպատակը, ըստ պայմանագրի, սահմանված է՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, եւ փորձաքննական եզրակացության նախագիծը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարի հաստատմանը։ Մարտիրոսյանը, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, 2018 թվականին Կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակի պետ է նշանակվել։ Աշխատանքային գործունեությունն սկսել է անշարժ գույքի՝ կադաստրի համակարգում՝ 2007 թվականից: Աշխատել է Կոմիտեի կադաստրային գնահատման, այնուհետեւ վերահսկողության բաժնում: Երեւանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսեւորեց իր գոյության արդարացումը։ Մեկ անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների վերաբերյալ փորձաքննություն եւ փորձաքննական եզրակացություն չներկայացրեց։

 

 




Լրահոս