ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

 

ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով եւ նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում եւ գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձեւավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության եւ անդամ պետությունների հետ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին եւ առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմաթիի հռչակագրի հիշատակման եւ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարեւորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանի քննարկումները եւ գործընթացում պահպանվող հիմնական հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների եւ կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաեւ հումանիտար բնույթի հարցերի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաեւ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքներն աղավաղելու ցանկացած փորձ:

Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

 

 

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդյոք Տավուշի մարզից է սկսվելու սահմանազատման գործընթացը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը դեմ է սահմանազատման հիմքում դրվելիք Ալմաթիի հռչակագրի հղմանը, փոխվարչապետը հորդորեց հետեւել պաշտոնական հայտարարություններին:

Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հատվածները, կարեւորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցեր, մինչեւ վերջնական որոշումներ չլինեն բանակցություններ սկսելու մասին չի կարող նշել:

Հարցին՝ ինչ տարածք է պատրաստ վերադարձնել Ադրբեջանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ չի կարող հարցին պատասխանել, քանի որ վերջնական կոնսենսուս դեռեւս չկա:

Դիտարկմանը ի պատասխան՝ արդյոք նույնիսկ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ չկա՞ կոնսենսուս, փոխվարչապետը նշեց՝ սահմանազատումը այդ հատվածից սկսելու մասին որոշում հնարավոր է լինի, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային եւ իրավական, կոնսենսուս ձեռք բերվի:

«Այս փուլում քննարկում ենք այդ հարցերը: Իհարկե, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ դեռեւս կան հարցեր, որոնց հետ կապված չկա կոնսենսուս:

 

 

 

ՓԱԹԵԹ՝ 2.8 ՄԼՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՈՎ

Եվրոպայի խորհուրդն ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2.8 միլիոն եվրո։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի եւ  փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտներ՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ.) եւ Միգրացիայի եւ ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ.) համահունչ:

Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ.) անբաժանելի մասն է, Եվրոպայի խորհուրդը նշում է՝ 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության տրամադրում:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր եւ լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 

 

 

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր եւ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր եւ Վայք` աշխատանքներն իրականացնելով նաեւ գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին եւ դերակատարներին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Քննարկվել են նաեւ ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու եւ առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

 

 




Լրահոս