ArmLur.am-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Այս անգամ ներկայացնում ենք «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» գործը քննող դատավոր Վահե Ջիվանյանի՝ 2021 թվականի վերաբերյալ հայտարարագիրը:
ArmLur.am-ը պարզեց, որ նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Դատավորի՝ 2021 թվականի հայտարարագրում նշված է, որ Արցախում նա ունեցել է 8 հողամաս եւ 1 առանձնատուն եւ, փաստորեն, անշարժ գույքը թողել է Ադրբեջանցիներին:
Բացի այս, նշենք, որ 2021թվականի վերջին ունեցած փոխառության գումարը կազմել է 34 միլիոն 928 հազար դրամ:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դատավորը հայտարարագրել է 1995 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեկ ավտոմեքենա, որը նա գնել է 2015 թվականին:
Ըստ դատավորի ներկայացրած հայտարարագրի՝ 2021 թվականի վերջին դրամական միջոցները կազմել են 75 հազար 240 դրամ :
Ի դեպ, 2021 թվականին, երբ Ջիվանյանն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում, ամսական ստացել է ավելի քան 790.000 դրամ աշխատավարձ:
Բացի այդ, դատավոր Ջիվանյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 միլիոն 841.000 դրամ, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Ջիվանյանը 2021 թվականի տարեվերջին 2 միլիոն դրամի չափով կանխիկ գումար է ունեցել:
Հավելենք, որ դատավորը 12.08.2009-01.03.2014թթ. աշխատել է Արցախի հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում` Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչի, նույն վարչության հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի քննիչի, ավագ քննիչի եւ Մարտունու շրջանի քննչական խմբի ավագ քննիչի պաշտոններում, ունի ոստիկանության կապիտանի կոչում:
05.03.2014-29.12.2015թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազի, այնուհետեւ ավագ դատախազի պաշտոններում:
29.12.2015-19.06.2018թթ. զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։
19.06.2018-17.09.2019թթ. զբաղեցրել է ԱՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2020թ. հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ այժմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
ArmLur.am-ին «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» գործը մակագրվել է դատավոր Վահե Ջիվանյանին: Վերջինս այն դատավորն էր, որ 2022 թվականին միացել էր 93 դատավորների ստորագրահավաքին եւ, մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, պահանջում էր դատավորների ժողով հրավիրել:
Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
«Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք եւ 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազությունը, սակայն չի գաղտնազերծել, թե ով է այդ «օրենքով գողը»:
ArmLur.am-ը սակայն պարզեց՝ ում մասին է խոսքը. նա Արմեն Ղազարյանն է, ով առավել հայտնի է «Պզո» կեղծանունով:
Նշենք, որ 2022 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:
Բերման ենթարկվածների թվում են եղել «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «Կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»:
Նա մեղադրվում էր հավաք կազմակերպելու մեջ։
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԻՑ ՑԱԾ Է ԸՆԿԵԼ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատապարտյալների հիվանդանոցի դատապարտյալներից մեկն իրեն 2-րդ հարկի պատշգամբից ցած է նետել, սակայն բարեբախտաբար նրան տեղափոխել են հիվանդանոց ու հասցրել փրկել կյանքը։
Ի պատասխան մեր տեղեկությունների՝ քրեակատարողական ծառայության լրատվականից հայտնեցին. «Հայաստանի Հանրապետության ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի՝ իրեն 2-րդ հարկի պատշգամբից ցած նետվելու լուրը չի համապատասխանում իրականությանը։
Ապրիլի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկը աստիճանավանդակից ցած է ընկել։
Բժշկի կողմից կալանավորված անձին ցուցաբերվել է առաջին օգնություն, միեւնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն, որը նրան տեղափոխել է քաղաքացիական հիվանդանոց»։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՏՈՆՈՅԱՆԻՆ ԿՔՆՆԵՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանում քննությունը հասել է հրթիռների ստուգման, զննման գործընթացին, եւ նիստը հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել է «Էրեբունի» օդանավակայան ու կայանում է այնտեղ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրթիռները տեղայակված են այնտեղ:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ տրամադրելու գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ. սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ. 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
ԴԻՐՔԸ՝ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն եւ ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը:
Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ առանց ավագ պետի թույլտվության, ենթակա անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը: Վ.Գ.-ն եւ Ն.Մ.-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ չկազմակերպված ձեւով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության:
Նույն օրը նշված անձնակազմի փոխարեն վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում եւ պաշտպանություն իրականացրել:
Դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ.-ի եւ Ն.Մ.-ի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։
Դատախազը 2024 թվականի ապրիլի 9-ին հաստատել է Վ.Գ.-ի եւ Ն.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ