Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր:
Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով՝ սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել, կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն:
«Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ լիազոր մարմինն իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն: Այս համատեքստում օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ըստ օպերատիվ վերլուծության եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալների՝ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող եւ սեփական կարիքների համար գործող 18 եւ սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց:
Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու եւ դրան աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Նախարարությունում քննարկվում է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ դաշտում գործող, սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմը:
«2018 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, գումարը կազմել է շուրջ 165,4 մլն դրամ: Հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը»,- եզրափակեց Սարգսյանը։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է միջպետական ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների եւ հողատարածքների գույքագրումը։ Այս մասին ապրիլի 9-ին Ազգային ժողովի նիստում ասել է վարչության պետի տեղակալ Քրիստինե Գալեչյանը։
Աշխատանքները, ըստ նրա, սկսվել են Արմավիրի մարզում գտնվող տարածքներից։ «Գույքագրման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցների, նշանների եւ կայանատեղերի բացահայտմանը, որոնք խոչընդոտում են երթեւեկությանը կամ պարզապես սահմանափակում են ճանապարհների տեսանելիությունը », – նշել է Գալեչյանը։
Ինչպես նշեց փոխնախարարը, ստուգման արդյունքներով վարչությունը կկայացնի համապատասխան որոշումներ, այդ թվում՝ վերը նշված շենքերի հնարավոր ապամոնտաժման մասին։ «Դժվարությունն այն է, որ ճանապարհների երկայնքով տարածքները չեն կարող վաճառվել կամ մշակվել առանց նախարարության հավանության. սակայն այս պահանջը տարիների ընթացքում բազմիցս խախտվել է։ Ներկայումս ապօրինի շինարարության փաստերի առնչությամբ ընթանում են դատավարություններ»,- պարզաբանեց կառավարության ներկայացուցիչը։
Բացի այդ, նա հավելել է, որ ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ չափանիշներին։ Այսինքն՝ այն պետք է թարմացվի առնվազն տարին երկու անգամ։ Այժմ, խոստովանեց պաշտոնյան, այն հաճախ գրեթե ամբողջությամբ ջնջվում է, նույնիսկ մինչեւ նրանք ժամանակ ունենան նոր ներկ կիրառելու համար:
ԼՈՒՍԱՁՈՐՑԻՆ ԱՐՋԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ
Մի քանի օր առաջ՝ ապրիլի 6-ին, Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ.-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Իջեւան համայնքի Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու։ Առավոտյան սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, սակայն երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ Աճարկուտի անտառում արջեր կան, նրանք անտառի այդ հատվածում արջ են տեսել՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր։
ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի «Ժողովուրդ» օրաթերթը հարցումէ ր ուղարկել էր, թե 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում ընդհանուր քանի՞ ուսուցիչ է աշխատում, նրանցից քանի՞սն են մասնակցել կամավոր ատեստավորմանը, ատեստավորման գործընթացում ի՞նչ արդյունքներ են ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1575 ուսուցիչ, որից 170-ը հաղթահարել է կամավոր ատեստավորման անցողիկ շեմը»: Հայաստանի անկախացումից հետո աստիճանաբար նվազել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների եւ դրանց աշակերտների, ուսուցիչների թվերը։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2006 թվականին մարզի հանրակրթական դպրոցների քանակը եղել է 72, ուսուցիչների թիվը՝ 2060։ 2006-2024 թվականներին՝ 18 տարում, մարզի հանրակրթական դպրոցների թիվը կրճատվել է 6-ով, այժմ Տավուշում գործում է 76 հանրակրթական դպրոց, որտեղ աշխատում է 1575 ուսուցիչ։ Այսինքն՝ վերջին 18 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թիվը նվազել է 485-ով։ Միայն այս՝ 2023-2024 ուսումնական տարում բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից ազատվել է 55 ուսուցիչ։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր (Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված) Հայկ Ղալումյանը մեր հարցման պատասխանում չի հայտնել, թե Տավուշի մարզում ընդհանուր քանի՞ ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը: Մարզպետը այդ հարցին չի պատասխանել, որովհետեւ չի ցանկացել բացահայտել կամավոր ատեստավորման գործընթացի ձախողումը, դրա խայտառակ ցուցանիշները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ