ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կայացավ հայ-ղազախական գործարար համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանն ու լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

 

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը բացման խոսքում նշեց, որ տվյալ համաժողովը կարեւոր հարթակ է՝ դիտարկելու գործարար շրջանակների ու միջպետական տնտեսական հարաբերությունների հիմնական ու հեռանկարային բաղադրիչները։

«Այսօրվա բիզնեսֆորումը բացառիկ է այն առումով, որ տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հայաստանյան այցի նախաշեմին։ Այս միջոցառումից երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ նաեւ Ղազախստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան։ Նման միջոցառումներն իրենց ծավալով իսկապես աննախադեպ են մեր երկրների պատմության մեջ, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների ու փոխշահավետ կապերի զարգացման մասին։ Հատկանշական է, որ գիտաժողովին մասնակցում են ինչպես պետական այրեր, գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ բիզնես աշխարհի պատվիրակներ, որոնք շահագրգռված են երկկողմ հարաբերությունների խորացմամբ։ Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունն ու նրա կողմից գաղափարների արտահայտումն անգնահատելի է նախեւառաջ փորձի փոխանակման տեսանկյունից, քանի որ միայն բաց եւ կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխգործակցության նոր ուղիներ ու բնագավառներ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ նոր՝ ավելի ծավալուն ներդրումների համար»,- ասաց Իվանովը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն իր ելույթում նշեց, որ օրվա միջոցառումը հրաշալի հնարավորություն է՝ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու, ավելի խորացնելու, ինչպես նաեւ փոխշահավետ նոր հարաբերություններ հաստատելու համար։

«Այս համաժողովին մասնակցում են տնտեսության տարբեր բնագավառների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում առանձնակի դեր ունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ապրիլի 2-ին երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի  եւ Սերիկ Ժումանգարինի համատեղ նախագահությամբ կայացավ տնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ զարգացնելու առեւտրատնտեսական կապերը, երկուստեք խթանելու ներդրումները, ապահովելու դրանց անվտանգությունը, ամրապնդելու ենթակառուցվածքային կապերը։ Այդ ամենն ապացուցում է մեր երկրների միջեւ հետագա փոխգործակցության զարգացման գործում երկու կողմերի շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը»,- ասաց Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշները, որոնց համաձայն՝ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 միլիոն դոլար՝ աճելով 2,4 անգամ նախորդ տարվա համեմատ։

«Երկկողմ փոխգործակցության ակտիվացումը թույլ կտա զգալիորեն բարելավել նշված ցուցանիշները։ Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական զգալի աճ, որը պահպանվում է նաեւ ընթացիկ տարում։ 2024 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում կազմել է 13,6 տոկոս։ Մեր երկրի տնտեսության զարգացման դինամիկ աճը պայմանավորված է նաեւ կառավարության ջանքերով։ Այդ համատեքստում առանձնակի կարեւորություն է ներկայացնում կառավարության ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության արդիականացմանը, որի շրջանակում պետությունը սուբսիդավորման միջոցով եւ լիզինգային մատչելի տոկոսադրույքներով ընկերություններին տալիս է սեփական հզորությունն արդիականացնելու հնարավորություն, որպեսզի նրանց արտադրողականության աճը եւ թողարկվող ապրանքները դառնան ավելի մրցունակ։ Ծրագրի իրականացման ընթացքում նոր սարքավորումների ձեռքբերման եւ նոր հզորությունների գործարկման արդյունքում 1846 ընկերություններ ձեռք են բերել սարքավորումներ 228 միլիարդ դրամի չափով, ինչը վկայում է ծրագրի բարձր արդյունավետության մասին»,- ասաց նախարարը։

 

 

 

«ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ»

Դեռ փետրվարի 16-ին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել Կոտայքի մարզի ֆերմերներից, որ Կոտայքի մարզում տարածված է աֆրիկյան ժանտախտ, ինչից սատկում են խոզերը։

 

Ֆերմերներն այս հարցով նույն ամսվա 26-ին եկել էին էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի նախարարությունը լուծում տա իրենց խնդրին։

ArmLur.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել խոզապահ ֆերմերների եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ՝ ժանտախտով վարակված եւ սատկած խոզերի դիմաց փոխհատուցման պահանջի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարությունից մեզ պատասխանել են. «Հարկ ենք համարում նշել, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Հիվանդության նախնական ախտորոշումը կատարում է անասնաբուժական ծառայությունը, որը հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում եւ ախտաբանական նյութի նմուշները ներկայացնում անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա եւ իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

Ուստի, հիմք ընդունելով օրենքով սահմանված դրույթը, հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիվանդության ախտորոշման հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է»։

ArmLur.am-ը նաեւ կապ հաստատեց Կոտայքի ֆերմերներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց էկոնոմիկայի նախարարության տված պատասխանը եւ ասաց, որ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրել են իրենց խնդիրը, ասել են, որ խոզերը սատկել են։

«Մեզ 2 ամիս է արդեն ամեն 10 օրը մեկ Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ լավ կլինի։ Մենք պայմանավորվել էինք, որ փոխհատուցում պետք է լինի, բայց նորից եմ նշում, որ արդեն 2 ամիս է ոչ մի բան էլ չեն անում, հետաձգում են»,- մեզ հետ զրույցում նշեց ֆերմերը։

Ֆերմերի խոսքով՝ երեկ էլ են զանգ ստացել էկոնոմիկայի նախարարությունից, եւ նախարարությունում խոզերի ժանտախտի հետ կապված ամեն փաստ կա՝ նկարներ, փաստաթղթեր։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ

Հարկային հսկողության շրջանակում բացահայտվել է, որ մի խումբ տնտեսվարողներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների բավարարման դեպքում հարկ վճարողների հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրությունների) եւ ժամկետներում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը միասնական հաշվին մուտքագրելու նպատակով, ներկայացրել են դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք:

Ինչպես պարզվում է ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով, որ նկարագրվածն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է` խարդախությունը, ՊԵԿ-ը ենթադրյալ հանցանքի փաստերով հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` կատարվածի հանգամանքները բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին  ձեռնպահ մնալ նման վարքագիծ դրսեւորելուց, հակառակ դեպքում` բոլոր նման փաստերով հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվելու իրավասու մարմիններին եւ հետեւողականորեն նպաստելու, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

 

 

 

ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

2024թ. հունվար-փետրվար ամիսների կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:

2024 թ. հունվար-փետրվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.5%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 129.9 %-ի համեմատ։ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվար-փետրվար ամիսներին կազմել է հետեւյալ պատկերը՝ ծնվածներ՝ 5 477 մարդ, մեռելածիններ՝ 68 մարդ, մահացածներ՝ 4 914 մարդ։ ՀՀ պետական ատյաններով գրանցվել է ամուսնության 2 602 դեպք, ամուսնալուծության՝ 698 դեպք։

Մահացածների թվաքանակը 2023 թ. վականի հունվար-փետրվար ամիսներին կազմել էր 4 551 մարդ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համար 4 914 մարդ։ Եթե համեմատենք ժամանակահատվածի տվյալները, կնկատենք, որ այս տարի մահացածների թիվը աճել է 363 մարդով։

ՀՀ-ում մահացության առաջնային պատճառներից մեկը արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով է գրանցվում, հաջորդ պատճառը նորագոյացություններն են, ապա շնչառական օրգանների հիվանդությունները եւ այլ  հիվանդություններ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս