ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան գոյամարտը հայ իրականության ամենափառավոր էջերից մեկն է, որի հանդեպ բոլորիս զգացողությունները, ցավոք, վերածվել են ցավի ու չվերականգնվող անարժանապատվության:

 

1992 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության կոտորած իրականացրին, որի հետեւանքով զոհվեց մի քանի տասնյակ հայ: Այսօր կանդրադառնանք Մարաղայի ջարդերի մասին պատմող գեղարվեստական կարճամետրաժ «Ընդհատված մանկություն» ֆիլմին: Ֆիլմը լավագույնս ներկայացնում է իրավիճակը արցախյան պատերազմի օրերին, հայերի նվիրվածությունը միմյանց նկատմամբ, համընդհանուր պայքարին, ինչպես նաեւ մարդկային բարձր արժեքներին: Կարժամետրաժ կինոնկարը էկրաններ է բարձրացել 2013 թվականին, երբ դեռ հայ իրականության մեջ մեծատառերով գրված չէր «ամոթ» բառը եւ մենք մեզ թույլ էին տալիս պատերազմներում փնտրել եւ գտնել մարդկայինը ու զգացականը: «Ընդհատված մանկության» գլխավոր հերոսը փոքրիկ աղջիկ է, ում Մարաղայի ջարդերի ժամանակ գերի են տանում ադրբեջանցիները: Նրան պահ են տալիս մի գյուղացի կնոջ մոտ, ում տղան անհայտ կորած է՝ միմյանց հետ «Կարմիր խաչ»-ի միջոցով փոխանակելու համար: Աղջիկը սկսում է ապրել օտար միջավայրում, որտեղ երեխաները նրան վատ են վերաբերվում, եւ տանտիրուհին ստիպված սափրում է նրա մազերը: Ավելի ուշ աղջկան փոխանակման ծրագրի շրջանակում հանձնում են հայկական կողմին, սակայն թրքուհու որդուն այդպես էլ չեն գտնում: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմն այնքան ազդեցիկ է, որ առանց պոռթկման հնարավոր չէ դիտել. այն հստակ ներկայացնում է ադրբեջանական կողմի կատարած վայրագությունների մի մասը միայն՝ ողջ-ողջ այրել, սպանել, դածանաբար ծեծել:

Ջիվան Ավետիսյանը առաջինն էր, ով սկսեց ֆիլմի միջոցով աշխարհին պատմել Արցախի, արցախյան շարժման, մեր անժամանցելի իրավունքների եւ պայքարի իրավացիության մասին: Առաջին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմին հաջորդել են եւս մի քանի ֆիլմեր, որոնց զգալի մասը ծնվել են միջազգային համագործակցությունների արդյունքում. դրանք բոլորն էլ միջազգային մրցույթների ներկայացված եւ հաջողություններ գրանցած ֆիլմեր են, որտեղ կարելի է տեսնել այնպիսի դերասանների, ինչպիսիք են Հոմայուն Էրշադին, Ռիխարդ Զամելը եւ Տատյանա Սպիվակովան:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԿԳՄՍՆ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է Անի Եղիազարյանի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

«ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է թիվ ԵԴ2/44185/02/23 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրը՝ առանց  թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։

Եղիազարյանը, համամիտ չլինելով նախարարության կայացրած որոշման հետ, այն վիճարկել էր դատարանում:

Օրեր առաջ Անի Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը, որում ասվում է, որ Անի Եղիազարյանի հայցն ընդդեմ  պատասխանող ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ հայցվորին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատելու մասին 20. 10. 2023թ. Թիվ N 273-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետեւանք նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել ամբողջությամբ:

2024 թվականի հունվարին թանգարանի տնօրենի պարտականությունները վստահվել են Լեռնային Ղարաբաղի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին: Հովհաննես Թումանյանի թանգարանում այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի պատճառով թանգարանը ժամանակավոր գործում է Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում:

 

 

 

 

ԱՎԱՐՏԵՑԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սամվել Գասպարյանը եւ Գարիկ Կարապետյանը ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին փուլում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա բարձրացրեց 172 կգ: Հրում վարժությանը նա չմասնակցեց:

Ընտրանու մյուս անդամը` Գարիկ Կարապետյանը, պոկում կատարեց 180 եւ 185 կգ, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 212, 216 կգ: Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է աշխարհի գավաթում:

Հայաստանի հավաքականից ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը վերջին մարզումներն է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հայաստանի բռնցքամարտի  հավաքականի  գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց ընտրանու կազմը` 48 կգ Բարեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդիկ Գարբոյան, 54 կգ Դավիթ Եգորյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Սահակյան, 63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ Արարատ Հարությունյան, 71 կգ Գուրգեն Մադոյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 86 կգ Համլետ Հարությունյան, 92 կգ Նարեկ Մանասյան, գերծանր Դավիթ Չալոյան:

«Առաջին վարկանիշային մրցաշարից շատ քիչ ժամանակ է անցել, բացի այդ նաեւ շատ  ժամանակ չի մնա երկրորդ մրցաշարին, երբ ավարտվի Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար ամենակարեւորը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է: Եվրոպայի առաջնությունը կարեւոր է մեզ համար, այն նաեւ նախապատրաստական փուլ է»,-ասաց Աղամալյանը:

Այս օրերին հավաքականի ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Հովհաննես Բաչկովը, ով դեռեւս վերականգնողական փուլում է ձեռքերի վիրահատությունից հետո: Նրա մասնակցությունը երկրորդ վարկանիշային մրցաշարին դեռեւս հարցական է:

«Հայաստանի հավաքականի կազմում բոլորն էլ լավ նախապատրաստական փուլ են անցել: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ կարող է մեդալ նվաճել Եվրոպայի այս առաջնությունում»,-առանձնացրեց Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության կմեկնի ապրիլի 15-ին:

 




Լրահոս