Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:

«CDCJ-ի բյուրոյի ձեռնարկած ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատել է CDCJ-ն, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Աշխատանքային խմբի առաջադրանքը քաղաքացիության կամ դրա որոշման ընթացակարգերում իրավաբանական օգնության և ներկայացուցչության, երեխաների համար տեղեկատվության և արդարադատության հասանելիության վերաբերյալ լավ փորձի ամփոփագրի պատրաստումն է (2024-2025 թթ.), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող երեխաների քաղաքացիության հասանելիության առնչությամբ ոչ պարտադիր իրավական գործիքի պատրաստման նպատակը:

Բոլոր փորձագետներն ընտրվել են՝ հաշվի առնելով պրակտիկ փորձը և իրավունքի, քաղաքականության ու գործնական հատուկ գիտելիքները քաղաքացիության և քաղաքացիության հասանելիության ոլորտում՝ հատկապես երեխաների համար, ինչպես նաև աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունն ու լեզվական հմտությունները:

CDCJ-MIG-ի առաջին հանդիպումը տեղի կունենա առցանց 2024 թ․ մայիսի 2-րդ կեսին»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում:




Լրահոս