ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որը կընդունի Անգլիայի ազգային բալետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային թատրոնը նախապատրաստվում է Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերին։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նրանց ներկայացումների տոմսերը վաճառվում են ամիսներ, անգամ տարիներ առաջ։ Նրանք ընդունում են միայն բացառիկ հրավերներ։

Մայիսի 10-ին և 11-ին աշխարհի ամենահայտնի Անգլիայի ազգային բալետը Երևանում կլինի 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց համարվող՝ Ակրամ Խանի «Ժիզել» ներկայացմամբ։

Տարվա մշակութային ամենասպասված իրադարձությանը Օպերային թատրոնը պատրաստվում է շինարարական աշխատանքներով կուլիսներում, հանդերձարաններում, միջանցքներում։

Հյուրընկալել Անգլիայի ազգային բալետին նշանակում է սահմանել նոր միջազգային նշաձող մայրաքաղաքի համար։ Պահանջները քիչ չեն․ անգամ բեմական հագուստի լվացման համար առանձին տարածք է հատկացվել։ Հատուկ բալետային օրերի համար Օպերային բեմն ամբողջությամբ կկերպարանափոխվի։

Արվեստ՝ առանց սահմանների ու յուրօրինակ փիլիսոփայությամբ։ Ակրամ Խանի «Ժիզել»-ը հնարավոր չէ չզգալ ու չվերապրել։ Մարմնի նրա լեզուն իրական է անիրական աստիճանի։

Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է իր մշակութային ծրագրերի շարքում։ Երևանի համար սա միջազգային առաջին մեգա նախագիծն է։ Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որ կընդունի Անգլիայի ազգային բալետին։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս