Աստանայի միջազգային ֆորումը չեղարկվել է․ պատճառը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չեղարկել է հունիսի 13-14-ը նախատեսված Աստանայի միջազգային համաժողովը։

Որոշումը կայացվել է երկրում լայնածավալ ջրհեղեղներով պայմանավորված միջոցները խնայելու անհրաժեշտությունից ելնելով։ Ֆորումը աշխատանքը կվերսկսի 2025 թվականին։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում աննախադեպ ջրհեղեղի պատճառով առաջացած լայնածավալ ավերածությունների հետևանքները վերացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական միջոցներ խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է չեղարկել Աստանայի միջազգային ֆորումը»,- ասված է նախագահի մամուլի ծառայության «Տելեգրամ» ալիքում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ միջոցառմանը հրավիրված մասնակիցները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։

Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ ներկայիս ջրհեղեղները ամենամեծն են վերջին ավելի քան 80 տարիներին։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի իշխանությունները ջրհեղեղների պատճառով երկրի 10 շրջանում արտակարգ դրություն էին հայտարարել։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել էր ջրհեղեղներից տուժածներին վնասների փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ մշակել՝ նշելով, որ թերևս սա իր մասշտաբներով և հետևանքներով վերջին 80-տարում ամենամեծ աղետն է։




Լրահոս