Nirvana խմբի անդամ Կուրտ Քոբեյնի ինքնասպանության հետաքննությունը 20 տարի անց անսպասելի զարգացում է ստացել: Սիետլ քաղաքի ոստիկանությունը, ուր երաժիշտն անցկացրել է իր կյանքի մեծ մասը, նոր լուսանկարներ է հրապարակել ողբերգության վայրից:
Ինչպես հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, գործի տվյալների կրկնակի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել են մի քանի չտպված ֆոտոժապավեններ: Հակառակ սպասումների, Քոբեյնը լուսանկարների վրա պատկերված չի եղել: Դրանցից մեկի վրա երևում է սիգարի տուփ, որի մեջ կան գդալ և ներարկիչ: Մյուսի վրա կա մահվանից առաջ գրված երկտողի պատառիկ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ լուսանկարները չեն հերքում ինքնասպանության վարկածը, սակայն կօգնեն մանրամասն վերականգնել «գրանժ» երաժշտական ոճի գլխավոր աստղի կյանքի վերջին օրի պատկերը: