ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Փողոցներում, այգիներում վաճառվող «փոփքորն»-ները, կոզինախները, որոնք պատրաստվում են տեղում կամ տնային պայմաններում, ո՞ւմ կողմից են վերահսկվում: Եւ եթե դրանք ուտելուց հետո մարդու մոտ խնդիրներ առաջանան, ո՞ւմ կարող է բողոքել ՀՀ քաղաքացին:

Դոնարա Հայրապետյան, 75 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` սնունդ պատրաստող ձեռնարկությունները պետք է սերտիֆիկացվեն համապատասխան սերտիֆիկացիոն մարմնի կողմից: Մեր խնդիրն այն է, որ սերտիֆիկացիոն մարմինը բարեխիղճ աշխատի, բոլոր պայմանները ստուգելուց հետո նոր միայն թույլ տա գործունեություն իրականացնել: Սննդի մատուցումը սերտիֆիկացման ենթակա գործունեության տեսակ է: Սերտիֆիկացման մարմինները պարտավոր են բոլոր պայմաններն ուսումնասիրել ու պահանջները բավարարել: Նման տիպի ապրանքները` կոզինախները, «փոփքորն»-ները, պետք է փաթեթավորված լինեն, կամ էլ եթե տեղում են պատրաստում, ուրեմն պետք է ունենան համապատասխան սերտիֆիկացում: Իսկ ինչ վերաբերում է վատ զգալուն, ապա կօգնի միայն բժշկի եզրակացությունը, որպեսզի պարզ լինի, որ հենց այդ սննդատեսակից է եղել, եւ եթե ապացուցվի, նա առաջին հերթին կարող է բողոքել սննդի անվտանգության պետական տեսչությանը, այնուհետեւ կարող է դիմել դատարան եւ առողջությանը վնաս հասցնելու համար փոխհատուցում պահանջել: Ընդհանրապես, փողոցում սնունդ պատրաստելն անընդունելի է, կան կառույցներ, նույնիսկ գիտեմ «փոփքորն» պատրաստող ձեռնարկություն, որն անցել է սերտիֆիկացումը, եւ այդ փաստաթուղթը պատին փակցված է: Կապ չունի` այգում է, թե փողոցում, նրանք էլ պետք է համապատասխան գործընթացն անցնեն ու նոր սնունդ մատուցեն:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի
նախագահ Արմեն Պողոսյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե տվյալ ձեռնարկությունը գրանցված է որպես ՍՊԸ կամ որպես հանրային սննդի կետ, ապա վերահսկվում է  սննդի անվտանգության տեսչության կողմից: Ձեռնարկության գրանցված լինելու դեպքում քաղաքացիները կարող են դիմում-բողոք գրել սննդի անվտանգության տեսչությանը, որից հետո համապատասխան վարույթ կիրականացվի: Իսկ եթե գրանցված չէ, եւ ուղղակի որպես փողոցային առեւտուր է իրականացվում, այդ դեպքում դա անօրինական է, եւ պետք է քաղաքապետարանի ու ոստիկանների կողմից արգելվի, քանի որ մենք չենք կարող որեւէ քայլ ձեռնարկել: Գրանցված չլինելու դեպքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքը պետք է ներկայացնեն ՏԻՄ-ին:

ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության
պետական տեսչության լրատվական բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միակ եզրակացությունը, որին անխուսափելիորեն հանգում ենք` մեզ ուղարկված պատասխաններին ծանոթանալով, փողոցում վաճառվող նմանօրինակ «սննդից» հրաժարվելն է:




Լրահոս