ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե զագսավորվելու դեպքում նորապսակներն օրինական ինչքան գումար պետք է վճարեն: Լսել եմ, որ ազգանունը փոխելու դեպքում էլ առանձին գումար է պետք վճարել: Ինչքա՞ն պետք է վճարենք ազգանունի փոփոխման համար, եւ ուրիշ ի՞նչ այլ փաստաթղթերի դեպքում ենք գումար վճարելու:

Լուսինե Ղազարյան, 35 տարեկան,
«Հայփոստ»-ի աշխատակից

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազգանվան փոխման դեպքում օրինական պետք է վճարեն 5.000 դրամ: Այդ գումարը վճարում են բանկում, որից հետո կտրոնը բերում են մեզ մոտ, մենք այն փակցնում ենք գործին: 1.000 դրամ վճարում են ամուսնության համար, յուրաքանչյուր փաստաթղթի կորստի դեպքում կրկնօրինակը նորից գրելու համար քաղաքացիները դիմում են գրում եւ ներկայացնում անձնագրի պատճենի հետ միասին, եւ դրա դիմաց բանկում վճարում են 3.000 դրամ: Եթե տեղեկանք են վերցնում, 2.000 դրամ է: Եթե դրսի գործարք է, այսինքն` նորապսակները սրահում են ցանկանում գրանցվել, ապա պետական տուրքը կազմում է 10.000 դրամ, որի կտրոնն էլ նույնպես կցում ենք գործին:  

Շենգավիթ համայնքի քաղաքացիական կացության
ակտերի գրանցման գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգանուն փոխելը հինգ անգամ թանկ արժե, քան ամուսնության գրանցումը: Տեղեկանք վերցնելը կամ փաստաթղթի կորուստը նույնպես «վտանգավոր» է. մի քանի հազարական դրամ էլ դրանց ձեռքբերումն արժե: Ամուսնության գրանցմանը հանդիսավորություն հաղորդելն ամենաթանկն է. 10.000 դրամ էլ այդ դեպքում է պետք վճարել: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, իհարկե, բոլոր դեպքերի համար ընդգծում է, որ նշված գումարները բանկում են վճարվում եւ պետական բյուջե փոխանցվում, բայց եւ այնպես վերջին տարիներին, երբ նման գումարների հասցեատերը` կառավարությունը, պարբերաբար հայտարարում է, թե ավելի քան կարեւորում է ամուսնությունների ու ծնելիության աճը, տարօրինակ է, թե ինչու է նման տուրքեր սահմանում:




Լրահոս