ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ համայնքի բնակիչներն արդեն չորս տարի է՝ ջուրը գնում են: Նրանք 40 լիտր ջրի համար վճարում են 300 դրամ: Այս և այլ խնդիրների մասին Armlur.am-ը զրուցեց Թլիկ համայնքի ղեկավար Ֆայզո Մատոյանի հետ:
-Թլիկը քանի՞ բնակիչ ունի:
-20 ընտանիք՝ 160 բնակիչ:
-Մի՞շտ է այդքան քիչ եղել ընտանիքների թիվը:
-Չէ, նախկինում՝ մի քանի տարի առաջ, 80 ընտանիք կար գյուղում:
-Ինչի՞ պատճառով են մարդիկ հեռանում գյուղից:
-Ջուր չունենալը: Ո՛չ ոռոգման ջուր ունենք, ո՛չ էլ՝ խմելու:
-Բա ինչպե՞ս եք ապրում:
-Դե, խմելու ջուրը Արագածավանից ցիստեռով բերում են, գնում ենք: 40 լիտրը՝ 300 դրամ: Ամեն 5 կամ 6 օրը մեկ բերում են, մենք էլ գնում ենք:
-Գոնե կարողանո՞ւմ են ամեն շաբաթ ջուր գնել:
-Դե, խմելու համար առանձնացնում են: Բայց անասունների համար Ախուրյան գետի վրա մենք պոմպ ենք դրել և դրանով հանում ենք:
-Ջրի հարցով ո՞ր կառույցին եք դիմել:
-Դիմել ենք ամեն տեղ: Հիմա խոսակցություններ կան, որ հնարավոր է առաջիկայում խորքային հոր փորենք: Տեսնենք:
-Քանի՞ տարի է, ինչ ջուրը գնում եք:
-Չորս տարի է: Իսկ նախկինում Ախուրյան գետից էինք բերում ու խմում, որը որ մաքուր չէր:
-Ինչո՞վ են զբաղվում, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Անասնապահությամբ, բայց ավելի շատ ոչխար են պահում, որի կաթն էլ վաճառում են: Արտագնա աշխատող էլ չունենք: Գյուղում միայն ծերեր են մնացել, իրենք էլ ուր գնան:
-Ջրի պատճառով նաև հողագործությամբ չեք զբաղվում, այո՞:
-Անջրդի են լրիվ տարածքները: Անձրևի հույսին ենք:
-Ցորեն, գարի էլ չեք ցանո՞ւմ:
-Եթե անձրև եղավ՝ բերք կստանանք, եթե ոչ՝ չենք ստանա: Ցանում ենք ու Աստված կանչում: Ինչ եղավ, եղավ…
-Անցյալ տարի Ձեզ լսե՞ց Աստված, բերք ունեցա՞ք:
-Անցյալ տարի լավ էր, բերք ստացանք: Անձրև եկավ: Ի՞նչ անենք: Ուրիշ ճար չկա:
-Իսկ Դուք չե՞ք ուզում գնալ:
-Չէ, ես էլ եմ արդեն ծեր, ո՞ւր գնամ:
-Իսկ այս հարցով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Արագածոտնի մարզպետարան դիմե՞լ եք:
-Դիմել ենք, դիմել: Պատասխանել են, որ անջրդի են այստեղի հողերը: Հնարավորություն չկա ջուր քաշելու:
Սյունէ Համբարձումյան