Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրինականության շրջանակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի կազմակերպիչներին կոչ է արել դուրս չգալ խաղաղ հավաքների ու խոսքի ազատության մասին օրենքով նախատեսված սահմաններից: Գերատեսչությունը նախազգուշացնում է՝ ակցիայի ընթացքում իրավախախտման ցանկացած փաստ անհապաղ կկանխվի ոստիկանության կողմից` օրենքի շրջանակներում: Չի բացառվում նաև հատուկ միջոցների կիրառումը։

«ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացվել են Թբիլիսիում` Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի տարածքում և պահպանում են հասարակական կարգը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Խորհրդարանի շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանական պատնեշները։ Կան ձերբակալվածներ։

Ապրիլի 3-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը գրեթե նույնական է մեկ տարի առաջ ցույցերի պատճառով խորհրդարանից հետ կանչված նախագծին։

Իշխող «Վրացական երազանքը» պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Նախագծի հակառակորդների մտավախություն ունեն, որ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում օտարերկրյա դրամաշնորհների շնորհիվ, կարող են որակվել «օտարերկրյա գործակալներ»։




Լրահոս