Ա. ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի դատարանի  Աջափնյակի  նստավայրում արտասովոր խառնաշփոթ  է եղել: Բանն այն է, որ դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայանա դատարան՝ իր ծեծի գործով հարցաքննության: Արդյունքում, դատարանում զգուշացրել են, որ Միրզոյանը ներկայանալու է, ու այնտեղ սկսվել է խառնաշփոթ, թե ովքեր կանգնեն մուտքի մոտ, ովքեր որտեղ լինեն, ինչպես դիմավորեն եւ այսպես շարունակ:

Եվ ահա, Միրզոյանը  հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում իրեն ծեծել է:

Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Արա Բադոյանի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, եւ Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, եւ ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունները հաճախ սնվում, որոշ գերատեսչությունների ղեկավարներ էլ նաեւ նվերներ են գնում, օրինակ, նախարարությունների բյուջեից։ Նվերներին դեռ կանդրադառնանք. բայց այ ամենաուշագրավը պետական կառույցների կենցաղային գնումներն են ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մեկ անձից գնման եղանակով գնել է «Բյուրեղ» ջուր, որի մեկ հատի արժեքը կազմել է 160 դրամ եւ «Ջերմուկ», որի մեկ հատի արժեքը՝ 180 դրամ։ Ջրերի գնման ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։ Ջրի հետ մեկտեղ կոմիտեի կարիքների համար գնվել է 30 հատ 100 գրամանոց աղացած սուրճ, որոնցից մեկ փաթեթի արժեքը կազմել է 600 դրամ։ Կոմիտեն այս գնումների համար վճարել է 138 հազար դրամ։ Սպասենք հետագա «կարեւոր» գնումներին։

2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Փաշինյանն իր ՔՊ-ին սատելիտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում, քննարկումներ էր ունենում, ու տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի ապագայի համար կարեւոր հարցերը Նիկոլ Փաշինյանը նրանց հետ  է լուծում: ՔՊ-ամերձ  այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին՝ «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ից Տիգրան Արզաքանցյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Հետզհետե այս ֆորմատը մաղվեց, ավելին՝ հարթակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր արդեն որպես ընդդիմադիր են հանդես գալիս ու քննադատում են Փաշինյանին: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին:

«Հատուկ որոշում չի եղել, թե ֆորմատը փակվում  է, հանդիպումներ չեն լինելու, չնայած՝ ես ինքս կարծում էի, որ ֆորմատն այլեւս սպառված է, բայց նախորդ տարի է վերջին հանդիպումը եղել»,-ասաց նա:

Խզմալյանը նաեւ պատմեց որ ամիսներ առաջ՝ փետրվարին, իրեն կրկին զանգահարել են վարչապետի աշխատակազմից եւ հետաքրքրվել՝ ինչ դիրքորոշում ունի, եթե նույն ֆորմատով հանդիպումներ կրկին լինեն. «Ես ասացի, որ այդ կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել, բայց նոր հանդիպման որոշում չկա».-պատասխանեց մեզ Խզմալյանը:

2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի արժեքը կազմել է 27 մլն 936 հազար դրամ։ Պայմանագրի գնման առարկան իրական շահառուների հայտարարագրման եւ առցանց ծառայությունների մատուցման, էլեկտրոնային համակարգերի սպասարկման ծառայություններն են։  Պայմանագրի մատուցման ժամկետը մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ն է։ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ նախարարությունը սկսել է պայմանագրեր կնքել սկսած 2018 թվականի ապրիլից. մինչեւ այսօր գերատեսչության հետ կնքվել է 21 պայմանագիր, որից 16-ը՝ մեկ անձից գնման կասկածահարույց ընթացակարգով: 2013 թվականին ստեղծված «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի, պատկանում է Ագնեսա Մանուկյանին, որը ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Մխիթարյանի կինն է: Այս ընկերությունը պայմանագրեր է կնքել նաեւ այլ գերատեսչությունների, նաեւ համայնքապետարանների հետ։ 2018 թվականի տարեվերջից ընկերությունը միլիոնավոր դրամների շուրջ 315 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից մոտավորապես 240-ը՝ մեկ անձից, ոչ մրցութային ընթացակարգերով: Մեկ անձից գնումների միջոցով չարաշահումները Հայաստանում կարծես արմատավորվում են։ Հիշենք, թե ինչպես  էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալվեցին փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ՀՀ ԱԺ նախագահի եղբոր կինը, հետագայում նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը. նրանք այժմ տնային կալանքի տակ են։ Հարցական է մնում միայն, թե գնման ընթացակարգերի միջոցով հնարամիտ եղանակով գումարների հափշտակում իրականացնող ընկերությունների չարաշահումները բացահայտող գործընթացներ կա՞ն, թե՞ ոչ։




Լրահոս