ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։

 

Այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝  ներկայացնելով ծրագրի վերաբերյալ մանրամասներ։

Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է տուն գնելու կամ կառուցելու նպատակով 3-ից մինչեւ 5 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։

«Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք Հայաստանում կհաստատեն երկարատեւ բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը։ Աջակցության նվազագույն չափը մեկ մարդու հաշվով 3 միլիոն դրամ կլինի, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կդառնա 4-5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ, որակյալ կրթական, առողջապահական եւ այլ անհրաժեշտ ծառայություններ ապահովելու նպատակով։

«Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաեւ տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու եւ կահավորելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանիքները, որոնք նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք»,- ասաց փոխվարչապետը։

Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվելու բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից. ծրագիրը կիրականացվի փուլերով։

«Շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։

Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում երեք եւ ավելի անչափահաս երեխաներ կան։ Առաջնահերթություն կունենան նաեւ այն ընտանիքները, որտեղ կա մեկ անչափահաս երեխա եւ միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնա երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար եւ այդպես շարունակ։ Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով եւ մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում՝ կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաեւ 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- եզրափակեց Խաչատրյանը։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԸ ԿԳՈՐԾԻ

2024 թվականի ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես՝ զինվորականների եւ զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝  https://netprizyvu.ru/)։ Ա. Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա Հայաստանում, արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։ Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների եւ  հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի. «յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատություն»-ը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝  տեղեկություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների եւ իրավական հիմքերի վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում եւ ապահովել դրա անխափան գործունեությունը

 

 

 

ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը, ըստ տարիքային խմբերի, ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի 2002 թվականից մինչեւ այսօր զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Բանն այն է, որ 2002 թվականին մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը եղել է 111 տղա եւ 37 աղջիկ, իսկ մինչեւ 2005 թվականը այս թվաքանակը կտրուկ նվազել էր՝ դառնալով 46 տղա եւ 8 աղջիկ։

2023 թվականին այդ տվյալները նվազել են՝ դառնալով 5 տղա եւ 2 աղջիկ՝ անչափահաս։

2023 թվականի տարեվերջին մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների մեծ մասը 14-15 տարեկան երեխաներ են եւ հիմնականում՝ մայրաքաղաք Երեւանում։ Մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներ կան նաեւ Շիրակի եւ Տավուշի մարզերում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` ՊՈԱԿ-ՆԵՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն ներկայացրել է թարմ տվյալներ կազմակերպությունների թվի, աշխատողների թվաքանակի եւ միջին ամսական անվանական աշխատավարձի ըստ կազմակերպության չափի եւ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների։

Այսպիսով, 2024 թվականի հունվարին գրանցվել է 66 հազար 962 կազմակերպություն, որից պետական են համարվում 3 հազար 651-ը եւ ոչ պետական՝ 63 հազար 311-ը։

Կարող ենք ասել, որ ներկայացված տվյալների վերլուծության արդյունքում նկատում ենք, որ ոչ պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելի բարձր է քան պետական կազմակերպություններում։

Նշենք՝ թվային եւ պատկերավոր տվյալներով։

Այսպիսով, ոչ պետական կազմակերպություններում միջին անվանական աշխատավարձը կազմել է 291 429 դրամ, պետական կազմակերպություններում՝ 208 071 դրամ։ Ստացվում է, որ ոչ պետական սեկտորում միջին անվանական աշխատավարձը գրեթե 90 հազար դրամով ավելի է պետական կազմակերպությունների հետ համեմատ։

Հարկ է նաեւ նշել, որ նշված աշխատանքի վարձատրությունը ներառում է նաեւ հարկերը եւ պետական տուրքերը։

 

 

 

9 ՄԼՆ ՀԱՇԻՎ ԵՎ 4 ՄԼՆ  ՀԱՃԱԽՈՐԴ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաճախորդների եւ նրանց հաշիվների քանակը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 4 մլն 659 հազար 418 հաճախորդ, իսկ 2024 թվականի հունվարին՝ 4 մլն 647 հազար 114 հախախորդ։

Նկատենք, որ մեկ ամսվա տարբերությամբ բանկերի հաճախորդների թիվը նվազել է 13 հազարով։

Այդ թվում, 2024 թվականի հունվարին բանկային համակարգում հաճախորդների 196 681-ը  իրավաբանական անձինք են, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 4 450 433 անձ։

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում առկա հաշիվների թիվը կազմել է 9 488 243։

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2024 թվականի փետրվարի վերջին կազմել է 2 563 807 մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 10 379 մլն դրամով կամ 0.4%-ով, իսկ 2023 թվականին համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 379 175 մլն դրամով կամ 17.4%-ով:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս