ԱԿՑԻԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դեռ օրեր առաջ հայտնել էր, որ «Գոյ» թատրոնը  ժամանակավորապես դադարեցրել է իր նստացույցը. բանն այն է, որ թատրոնը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների է գնում։

 

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դուռը փակվել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից, ինչի պատճառով էլ «Գոյ» թատրոնի ամբողջ ստեղծագործական անձնակազմը կազմակերպել էր ակցիաներ եւ ժամանակավոր նստացույց՝ պահանջելով վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։

ArmLur.am-ը զրուցել է «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։

-Պարո՛ն Արզումանյան, Դուք հայտնել էիք, որ ժամանակավորապես դադարեցնում եք նստացույցը, քանի որ ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների եք գնալու։ Նախարարությունից Ձեզ ի՞նչ ասացին, ի՞նչ են պատրաստվում անել թատրոնի համար։

-ԿԳՄՍՆ-ի հետ դեռ բանակցություններ են ընթանում, որպես այդպիսին, վերջնական պատասխան դեռ չկա։ Հիմա պայմանավորվածությունն այսպես է. «Գոյ» թատրոնը ծրագիրը կազմել է, ներկայացրել իրենց։ Մենք ավելի առարկայական պետք է ամեն բան ներկայացնենք, որ իրենք էլ քննարկեն ու հաստատեն։ Ներկա դրությամբ մենք խոսում ենք 1 տարվա պետական աջակցության մասին` մեր առաջարկած անցումային փուլի համար։ Հիմա փաստաթղթով, օրենքով, կարգով այս խնդիրն ենք փորձում լուծել ԿԳՄՍՆ-ի հետ, եւ գործի միջնորդը թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է. իր ջանքերով է մեծ մասամբ այս ամենը  կատարվում։

-Դուք նշել էիք, որ «Գոյ» թատրոն մուտք եք գործելու հենց ձեր մուտքից, որը կողպված է, հաջողվե՞ց մուտք գործել, թե՞ ոչ։

-Մուտք գործելը, այսպես ասած, իրավական առումով էինք նշում, քանի որ դատարանը վարույթ է վերցրել այն գործը, որը պետական ռեգիստրում ոչ իրավաչափ պետք է ճանաչվի։  Այժմ վիճարկման հայցով, ըստ վարչական դատավարության 83-րդ հոդվածի, արդեն տրամաբանորեն կասեցվում են նաեւ բխող գործողությունները։ Այսինքն` կասեցվում են գործողությունները, դուռն էլ բնականաբար պետք է բացվի, եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրազեկումն աշխատողներին, որ իբրեւ թե, իրենց կողմից նշված օրը աշխատանքի չգալու դեպքում աշխատակիցները կզրկվեն գործից  պետք է չեղարկվի, որովհետեւ գործողություններն այլեւս կասեցված են օրենքի ուժով։ Օրերս մեր փաստաբանը մի դիմում էր գրել, որը  փորձեցինք տանել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, իրենց երկօրյա ժամկետ տալ, որպեսզի «Գոյ» թատրոնի դուռը բացեն, սա, ընդ որում օրենքի ուժով է, ոչ թե ստիպողաբար. մենք ոչ թե ապօրինաբար էինք փորձում ներս մտնել, այլ իրավական ձեւով։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը դիմումը չվերցրեց, ասաց՝ տարեք «պոչտայով» ուղարկեք։ Իրենց փաստաբանը եւս դիմումը չվերցրեց. չգիտեմ, թե ինչի համար է այս խտրականությունը, կամ սկզբունքայնության ինչ հարց կա, որ չվերցրին փաստաթուղթը, բայց բովանդակությանը նրանք ծանոթացան։ Այսինքն՝ ամեն դեպքում իրենք իրազեկված են ամենի մասին, ինչը, որ գրված է այդ թղթի վրա։ Այնուամենայնիվ, մենք չզլացանք եւ փոստով եւս ուղարկեցինք նույն դիմումը։ Այժմ իրենց տվել ենք 2 օր ժամանակ, որպեսզի դուռը բացեն. դա մեր քմահաճույք-ցանկությունը չէ, այլ օրենքի կետ։

-Սունդուկյանի անվան թատրոնից միայն ա՞յդ արձագանքն եք ստացել, ուրիշ ոչինչ չե՞ն ասել։

-Ո՛չ, ուրիշ արձագանք չկա, միայն սա է։

-Նաեւ նշել էիք, որ ժամանակավորապես դադարեցնում եք նստացույցը, եթե այս ամենը չհաջողվի, նորից սկսելո՞ւ եք ակցիան։

-Բնականաբար, այդ պայմանավորվածությամբ ենք մենք արել ամեն բան։ Նախարարության կողմից եղել է պահանջ, որ եթե բանակցում ենք, ապա բնականաբար ակցիաներ եւ այլ գործողություններ պետք չեն։ Մեր նպատակն էլ, բնականաբար, ակցիաները չեն, այլ հարցին վերջնական լուծում տալը։

Կրկին ուզում եմ շեշտել թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի միջնորդությունը այս գործին, քանի որ եթե թատերական գործիչների միությունը խառնվել է այս ամենին, մենք պարտավոր ենք հավատալ նախ միության նախագահին ու թատերական գործիչների միությանը` ԿԳՄՍՆ-ից առաջ, որովհետեւ միշտ բազմիցս հարց է հնչել՝ ուր է թատերական գործիչները միությունը, ինչու որեւէ գործողություն չի անում. փաստացի հիմա այս կառույցը գործողություն է կատարում, ու չհավատալ դրան, կարծում ենք, անազնիվ կլինի. եթե հանկարծ որեւէ  պահի հասկանանք, որ սա ծուղակ է, բնականաբար ամեն բան կփոխվի եւ կսկսվի այլ թափով։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ» ծրագիրը:

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, մանկագիրներ` Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ալվարդ Հովսեփյանը եւ Տիգրան Նիկողոսյանը:

Ինչպես հայտնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը իր հաղորդագրության մեջ, ամեն տարի անցկացվող այս միջոցառման նպատակն է մեծացնել մանուկների ու պատանիների հետաքրքրությունը գրքի ու գրականության նկատմամբ, ծանոթացնել ժամանակակից հայ գրողներին եւ նրանց ստեղծագործություններին: Միջոցառումը մեկնարկել է տարբեր տարիներին գրադարանում կազմակերպած «Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ» ծրագրի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ: Այնուհետեւ, Երեւանի թիվ 141 եւ 79 դպրոցների, Եղեգնուտ ու Նորաբաց գյուղերի դպրոցների սաները մանկագիրներին ողջունել են եւ ընթերցել հատվածներ նրանց ստեղծագործություններից: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպման ընթացքում երեխաների հետ խոսել է ժամանակակից հայ գրականության, ընթերցանության նշանակության եւ այդ ճանապարհին գրական բացահայտումներ անելու կարեւորության մասին:

Միջոցառմանը ներկա մյուս գրողները եւս երեխաներին իրենց ուղերձներն են հղել` լավ սովորել, գրքեր ընթերցել, այդ ճանապարհին բացահայտումներ անել եւ գտնել տարբեր հարցերի պատասխաններն ու բանալիները գրքերի միջոցով:  Նրանք բոլորը միակարծիք են` գիրքը մարդու լավագույն բարեկամն է: Գրական շաբաթի բացումը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքում: Այնուհետեւ, Հայաստանի գրողների միության աջակցությամբ գրքերի քննարկումներ, հեքիաթապատումներ ու երաժշտական ցերեկույթներ են կազմակերպվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում եւ հանրապետության ողջ տարածքում:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՉ-ՈՔԻ Է ԱՎԱՐՏՎԵԼ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

«Ռեալ»-ը, Մադրիդում ընդունելով «Մանչեսթեր Սիթի»-ին, հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 3:3: Գոլառատ խաղում «արքայական ակումբ»-ի կազմում աչքի են ընկել Դիաշը, Ռոդրիգոն եւ Վալվերդեն: «Քաղաքայիններից» էլ գոլերը խփել են Բերնարդու Սիլվան, Ֆոդենը եւ Գվարդիոլը:

Օրվա մյուս խաղում` «Արսենալ»-«Բավարիա», եւս գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

«Զինագործներից» գոլերն իրեն ակտիվում գրանցել են Սական եւ Տրոսարդը, իսկ «Բավարիա»-ից` Գնաբրին ու Կանեն:

 

 

 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության փնջային վերջին երկու խաղի արդյունքներն ի հայտ են բերել կիսաեզրափակչի 4 մասնակցի։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Բ ենթախմբի առաջին խաղում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի  նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը հաղթել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմին, իսկ երկրորդ խաղում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսի թիմը՝ Գավառի համայնքապետարանի թիմին։

Այս հանդիպումների արդյունքում ենթախմբում 1-ին տեղը գրավել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը, իսկ 2-րդ տեղում է  Հայաստանի Հանրապետության ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը, որոնք էլ անցել են առաջնության կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կանցկացվի Ա ենթախմբում 1-ին տեղը զբաղեցրած Մարտունու համայնքապետարանի եւ Բ ենթախմբի 2-րդ տեղը գրաված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսի թիմերի միջեւ։

Հաջորդ հանդիպումը կանցկացվի Բ ենթախմբում 1-ին տեղը զբաղեցրած՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ա ենթախմբի 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիմերի միջեւ։

Այս հանդիպումների հաղթող թիմերը կպայքարեն առաջնության հաղթողի կոչումը նվաճելու համար։

 




Լրահոս