ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ապահովել նոր համազգեստի արտադրությունը՝ չնայած նախարար Սուրեն Պապիկյանի խոստումներին:

 

«Դուք պաշտոնապես հայտարարել եք, որ 2024 թ. նոր համազգեստ է լինելու, եւ ոչինչ չեք արել։ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը կանգնում է տարբեր երանգների հանդերձանքով։ Մի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին էր ասում՝ «ձկնորսական շորերով», հիմա կեսը «որսորդական» շորերով են», – հայտարարեց պատգամավորը։

Նա նաեւ քննադատեց պաշտպանության նախարարությանը մի շարք այլ խնդիրների համար, որոնց ականատեսն են եղել, երբ այցելել են առաջնագիծ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է առաջնագծում կառուցվող ինժեներական կառույցներին:

«Եթե շինարարական ընկերությունները չեն ցանկանում մասնակցել ձեր մրցույթներին, լուծե՛ք այդ հարցը. դա ձեր պարտականությունն է», – նշեց Մանուկյանը։

Բացի դրանից, ըստ նրա, զինված ուժերում ատեստավորում է անցել քննություն անցած զինվորականների միայն 40 տոկոսը։

Պատգամավորը նաեւ նշեց, որ շատ ցածր տոկոս են կազմում ատեստավորումը հաջողությամբ անցած զինվորականները. մինչ այժմ ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 մարդ, նրանցից միայն 2573-ն է դրական գնահատական ստացել: «Հայրենիքի պաշտպան» ծրագրով քննություն հանձնած 155 զինծառայողներից ատեստավորում Է անցել ընդամենը երեքը:

Ծրագրում ասվում է, որ 2023 թվականին մշակվել եւ հաստատվել են պաշտպանության ոլորտի կարեւորագույն մի շարք փաստաթղթեր՝ 2023-2027 թթ. ԶՈՒ զարգացման եւ կիրառման պլանը, սպառազինությունների, զինտեխնիկայի պետական ծրագիրը:

«ԶՈՒ կիրառման պլանն ամբողջ բանակի գործունեությունն է ցանկացած իրավիճակում: Անվտանգության խորհրդով հաստատել են, բայց գլխավոր շտաբի պետին ու պաշտպանության նախարարին երբ հարցնում եմ ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկի ինչ-որ դեպքի մասին, ասում է` այս պլանով այլ բան էր նախատեսված, բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի: Այսինքն, օրինակ, Տավուշի 3-րդ բանակային կորպուսի վրա որ հարձակում լինի, 2-րդ բանակային կորպուսն ասելու է՝ քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկեք 3-րդ բանակային կորպուսին միայնակ թողնենք. սա է ՀՀ զինված ուժերի ամբողջ ռազմավարությունը»,- ընդգծեց Մանուկյանը:

Նրա խոսքով` 2021 թվականին ՀՀ կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ բանակի, փոխել ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց  զորահավաքային ծառայության կառուցվածքը փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո՝ 25-օրյա վարժական հավաքների:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԾԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մարտի 22-ից Երեւանի քաղաքապետարանն ակտիվորեն իրականացնում է «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է ծառերի հատում եւ փոխարինում մի շարք փողոցներում, մասնավորապես՝ Մոսկովյան, Թամանյան, Մելիք Ադամյան, Սայաթ-Նովա պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Տերյան Խաչմերուկ, Ամիրյան, Ալեք Մանուկյան, Արամի, Ուլնեցու, Կիեւյան Հալաբյան, Բագրատունյաց, Նժդեհի եւ Միկոյան փողոցների որոշ հատվածներում։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, հասկանալու համար՝ գործընթացը ինչ փուլում է, եւ առաջիկայում որ հատվածներում են իրականացվելու ծառերի փոխարինման գործընթացները.

«Փոխարինման այն գործընթացները, որոնք ենթադրում են ծառահատումներ, այժմ քաղաքապետարանի ցուցումով կասեցվել են, իսկ այն փողոցներում, որտեղ ծառահատում չի ենթադրում, շարունակվում են»:

Նրա խոսքով՝ առաջիկայում ծառերի փոխարինում սպասվում է նաեւ Բաբաջանյան միջնաշերտում:

Քաղաքացիների բողոքին ի պատասխան՝ ըստ որի, ծառահատումը իրականացվում է այն ժամանակ, երբ ծառերը բողբոջում են, ասաց. «Կա վեգետացիոն սեզոնի սկիզբ, ծառերի 99%-ը փոխարինվել են դեռ չկանաչած վիճակում, այժմ չեն փոխարինվում, որովհետեւ արդեն կանաչել են, եթե իհարկե ի վիճակի են եղել կանաչելու»:

Հարցին, թե արդյո՞ք ծայրամասերում սպասվում են ծառահատման աշխատանքներ, ասաց, որ այս տարի աշխատանքները սկսել են Բագրատունյանց պողոտայից, որը գտնվում է «Շենգավիթ» վարչական շրջանում:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԵՐԵՔ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով նիստը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները մեկ օր առաջ երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ Աշոտյանին ազատ արձակելու համար։

Դատավոր Դոլմազյանը հայտնեց որոշումը. ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը եւս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հայաստանի հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին` քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

«Մեղադրանքը ներկայացվեց քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որը առաջացրել է ծանր հետեւանքներ եւ փողերի լվացում։ Գործը կապված է Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանի խոսքով` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ Նշենք, որ քննչական կոմիտեն քրեական հետապնդում էր սկսել 2012-2018 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ` «Միքայել Նարիմանյանը, հանդիսանալով «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով»։

 

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՕՊ

Օրենքով սահմանված է, որ հայկական կողմի հրամանով, պետք է միանա հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը, սակայն դեպք է եղել, որ այն չի միացել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր նախընտրական ծրագրից մեջբերում են անում, որտեղ մենք գրել ենք, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ միասնական համակարգը եւ այլն։ Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց ՀԱՊԿ-ն ասում է, որ չէ, չեմ գալիս ձեզ օգնելու. պայմանագիրը չի աշխատում։ Դեպք է եղել, որ օրենքով սահմանված՝ համատեղ ՀՕՊ-ը պետք  է մեր հրամանով միանա, բայց  չի միացել։ Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ»,-ասաց Փաշինյանը։

 

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Երեկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ից: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, եւ համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների եւ արժեքների վրա։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։ Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան եւ միմյանց աջակցելու հարուստ փորձը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Գիրինգին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

 

 




Լրահոս