ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 29–ամյա բնակչի կողմից 2019թ. ստեղծված և մինչ օրս գործող, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվարին 29-ամյա երիտասարդը, տեսնելով «Տելեգրամ» հավելվածում գործող «Kanachu Shuka» հարթակը, որտեղ գրանցված են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող շուրջ 50 խանութ-հարթակներ, կապ է հաստատել նշված հարթակը կառավարող տելեգրամյան օգտատիրոջ հետ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նշված հարթակում գործող խանութ-հարթակ եւ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: «Kanachu Shuka» հարթակը կառավարող օգտատերը երիտասարդին հայտնել է, որ խանութ-հարթակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթի միջոցով վճարել 10.000 ԱՄՆ դոլար: Նշված պահանջը կատարելուց հետո վերջինս երիտասարդին ուղարկել է հեռախոսահամար, ինտերնետային համար եւ գաղտնաբառ, որոնց միջոցով նա ստացել է իր կողմից ձեռք բերված՝ «Տելեգրամ» հավելվածում թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար նախատեսված «Pablito» հարթակ մուտք գործելու հնարավորություն:
29-ամյա երիտասարդը, տելեգրամյան վերոնշյալ հարթակը կառավարող օգտատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներգրավվել է հանցավոր կազմակերպության մեջ եւ իր կողմից ձեռք բերված էջի միջոցով, իրացնելու նպատակով, «Kanachu Shuka» հարթակի օգտատիրոջից ստացել է թմրամիջոցների թաքստոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք փոխանցել է իր ցուցումներով գործող «Տելեգրամ» հավելվածում 3 տարբեր կեղծանուններով գրանցված թմրամիջոց տեղադրողներին։ Վերջիններս վերցրել են տրամադրված թմրամիջոցները, ըստ տրված հրահանգների՝ տեղադրել դրանք Երեւան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում եւ տեղադրված փաթեթների կոորդինատներն ուղարկել են 29-ամյա երիտասարդին։ Վերջինս իրացրել է դրանք բազմաթիվ անձանց: Նշված եղանակով երիտասարդի կողմից 2023թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում վաճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 13.000 ԱՄՆ դոլար արժեքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի հերթական խմբաքանակը՝ Երեւան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 9 փաթեթներում հայտնաբերվել է 2023թ. ապրիլի 28-ին՝ երիտասարդի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ:
Բացի դրանից, վերջինս, 2023թ. աշնանը ապահովել է, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն, տեղափոխվեն եւ նախապես տեղադրվեն Երեւանում գտնվող թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու այդ վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները եւ ուղարկվել երիտասարդին, որից հետո այդ տվյալները փոխանցվել են տելեգրամյան հիշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած եւ պայմանների մասին համաձայնած անձանց, որոնք դրանց հիման վրա ձեռք են բերել թմրամիջոցները:
Պարզվել է նաեւ, որ 29-ամյա երիտասարդի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի «Kanachu Shuka» անվամբ հարթակներում գործող մի քանի խանութ-հարթակների միջոցով թմրամիջոցների իրացումից գոյացել են հսկայական ֆինանսական միջոցներ։ Դրանցից ընդհանուր 107.029.20 ԱՄՆ դոլարին համարժեք 43.296.441.37 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժը քողարկելու, այդ միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ երիտասարդը թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է պարբերաբար փոփոխվող տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։ Այնուհետեւ նշված դրամապանակներին ստացված միջոցները փոխանցվել են «Բինանս» համակարգում 29-ամյա երիտասարդի անվամբ գրանցված կրիպտոարժութային դրամապանակին, որից հետո փոխանցվելով այլ կրիպտոարժութային դրամապանակների եւ տարատեսակ փոխարկումների ու կանխիկացումների արդյունքում բերվել է օրինական շրջանառության դաշտ եւ օգտագործվել վերջինիս կողմից. այսինքն՝ կատարվել է փողերի լվացում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուքների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Փողերի լվացումը)։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է որպես առանձին վարույթ. նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ եւ դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության ղեկավարին եւ մյուս անդամներին հայտնաբերելու, նրանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
ԱՆԶԳՈՒՇՈՐԵՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ դատավորն է քննելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Իշխան Սաղաթելյանի հոր դեմ հարուցված քրեական գործը: Մասնավորապես՝ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին:
Նկատենք, որ դատավոր Սարգսյանի դեմ 2022 թվականին արդարադատության նախարարի միջնորդությամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, սակայն ԲԴԽ-ն Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը մերժել էր։ Դատելով իրավիճակից՝ դատավոր Սարգսյանի կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել եւ ԲԴԽ-ն նրան ներել է: Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրիկին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետեւանքով անզգուշորեն էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է՝ 2,790,000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾԸ
«Ալլադին» մանկապարտեզի տնօրենի եւ մաքրուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով դատարանը տնօրենի առնչությամբ որոշում է կայացրել, որ մեղադրյալ Աննա Հարությունյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխվի ու նրա նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն. կիրառված՝ բացակայելու արգելքի առնչությամբ որոշումը թողնվել է անփոփոխ:
Մեղադրյալ Աննա Հարությունյանը պարտավոր է շաբաթը երեք անգամ գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երեւանի քաղաքային մարմին. վերջինիս արգելվում է հաղորդակցվել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների եւ օժանդակող անձանց հետ, այդ թվում՝ «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի սաների ծնողների հետ, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Երեւան քաղաքի Փափազյան փողոցի 11-րդ շենքի 91-րդ բնակարանի հասցեն: Միաժամանակ, պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաեւ արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն Կարինե Գեւորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երեւան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 10-րդ հասցեում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի մաքրուհի, 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նույն մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի հետ, խմբի կազմում, գիտակցելով եւ փոխլրացնելով միմյանց գործողությունները, մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:
Նշենք, որ դեպքը եղել էր 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը եւ աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալլադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ, ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։ Եվ ահա, դատարանի առաջ է կանգնել մանկապարտեզի տնօրենը։