Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ շաբաթ անցկացվեց կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, ովքեր սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: Արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էր 323 ուսուցիչ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել է ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ն ապահովել է 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89, 16-ը՝ 70-79, 32-ը՝ 60-69, 65-ը՝ 50-59 եւ 134-ը՝ մինչեւ 50 տոկոս արդյունք:

 

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու այն ուսուցիչների ճակատագիրը, որոնք բավարար արդյունք չեն ապահովել։ ԿԳՄՍՆ պաշտոնյան նշեց, որ սրանք դեռեւս նախնական արդյունքներն են, քանի որ այս պահին առկա է նաեւ բողոքարկման գործընթաց, որի արդյունքում նոր լինելու են վերջնական արդյունքները։ «Բողոքարկման հանձնաժողովները, երբ այդ բոլոր հարցերը դիտարկեն, եւ մենք վերջնական պատկեր ունենանք, նոր դրա հիման վրա, պատկերը վերլուծելու արդյունքում կկարողանանք հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնել»,- նշեց Թ. Սարգսյանն ու հավելեց, որ չի կարող ասել, թե բողոքարկման քանի հայտ է ստացվել, որովհետեւ բողոքարկման հայտերն ուղարկվում են գնահատման եւ թեստավորման կենտրոն։

Ինչպե՞ս են գնահատվում կամավոր ատեստավորման նախնական արդյունքները. հանրակրթության վարչության պետը նկատեց, որ սովորաբար ավելի բարձր են լինում կամավոր ատեստավորման ցուցանիշները. «Մենք ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում, բայց, էլի եմ ասում՝ երբ վերջնական ամփոփենք, նոր կկարողանանք կարծիք հայտնել, որովհետեւ մենք ունեցել ենք նույն բարդության թեստերը, ինչը միշտ ենք ունեցել, եւ պատկերը բավականին թույլ է, այսինքն՝ ցածր միավորներ ստացածները մեր սպասածից ավելի շատ են, բողոքարկումից հետո մի քիչ վերլուծություն կանենք եւ կփորձենք հասկանալ, թե ավելի շատ որ առարկաների մասով է խնդիրը եղել, ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան այդտեղ»։

60 տոկոս եւ բարձր միավոր հավաքած ուսուցիչները համարվելու են ատեստավորման դրական շեմը հաղթահարած, բայց նրանք ավտոմատ կերպով չեն կարող վերականգնվել իրենց աշխատավայրում, քանի որ «աշխատանքից ազատվելուց հետո իրենց զբաղեցրած պաշտոնները թափուր էին մնացել, պետք է մրցույթներ հայտարարվեն, եւ այդ մրցույթներին մասնակցելու միջոցով իրենք կկարողանան վերադառնալ աշխատանքի։ Մենք նաեւ դպրոցներին համապատասխան գրությամբ տեղեկացրել ենք, որ այդ մրցույթներում հավասար արդյունքներ գրանցելու դեպքում, նախապատվությունը տան այն ուսուցչին, որն աշխատել է նախկինում այդ տեղում»,- ասում է Թ. Սարգսյանն ու նկատում, որ 60 տոկոսից ցածր միավոր ստացածները չեն կարող մասնակցել այդ մրցույթներին, քանի որ ուսուցչի որակավորման պահանջները չեն բավարարում՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի։

ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել էր, որ այժմ շրջանառվում է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ վերջիններիս համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովումն է. թե ինչ պետական աջակցության մասին է խոսքը, Թ. Սարգսյանը նշեց, որ այն դեռ շրջանառության փուլում է։ «Որոշակի տեղեկություն հավաքագրվել է, այն իմաստով, թե քանի մարդ կա, ինչ մասնագիտություններով, որ մարզերում են, որոշակի պատկերացում կա, թե դա ինչ ֆինանսավորման հետ կարող է կապված լինել, եւ ընթացակարգային որոշ հարցեր պետք է հստակեցնել, օրինակ՝ մարդիկ 1-ին կուրսի՞ց պետք է ընդունվեն, կամ եթե տարբեր հաստատություններում կրթություն են ստացել, գուցե դա հնարավորություն տա 2-րդ կամ 3-րդ կուրսի՞ց շարունակել ուսումը։ Այսինքն՝ այսպիսի դեպքեր ուսումնասիրելու հարցեր կան։ Երբ կառավարության աջակցության այս որոշումն ունենանք, դրանից հետո տարբեր խմբերի համար տարբեր առաջարկներով հանդես կգանք. այսինքն՝ մենք իրենց համար ստեղծելու ենք պայմաններ՝ բարձրագույն կրթություն ստանալու, հետեւաբար՝ խոսքն ավելի շատ ընդունելության գործընթացի կազմակերպման ու ֆինանսական աջակցության մասին է»,- եզրափակեց ԿԳՄՍՆ պաշտոնյան։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

 

Ինչպես Կոմիտեն նշում է իր հաղորդագրության մեջ, քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետեւողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսեւորման դեպքում եւ անվերապահորեն կատարել ցանկալի արդյունքի հասնելու համար տրված հանձնարարականները։ Նա հորդորել է խստորեն հետեւել ժամանակացույցի պահպանմանն ու ծրագրերի պատշաճ իրագործմանը։

«Բոլորիցդ ակնկալում եմ պատասխանատու եւ սրտացավ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ համատեղ ուժերով աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու եւ կոմիտեին վստահված ծրագրերն ամբողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին է ներկայացրել նաեւ կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր տեսլականը, որը թույլ կտա ծրագրերի ամենօրյա հետեւողական համակարգում իրականացնել ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

 

 

 

ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԽԱՌԸ» ԳՈՐԾԵՐԸ

Իջեւանի գինու, կոնյակի գործարանը համացանցում հպարտանում է, որ այդ գործարանի նորույթ «Նարեկացի» կարմիր չոր գինին  տարիների ընթացքում առաջին անգամ ProdExpo-ի շրջանակներում Հայաստան է բերել «Գրան պրի» մրցանակը:  Սակայն այլ առիթներով այդ գործարանը հպարտանալու բան չունի։ 2024 թվականի տարեմուտին ամանորի առիթով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նվեր տոպրակներ է ուղարկել 44-օրյա պատերազմում զոհված տավուշցիների ընտանիքներին։ Այդ տոպրակներից յուրաքանչյուրում  կոնֆետների հավաքածու էր՝ «բոնբոներկա», եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի արտադրանք՝ 2 շիշ գինի։ Տավուշի մարզպետին հարցում էինք ուղարկել, թե այդ գինիները Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տրամադրած  նվերնե՞րն են, թե՞ մարզպետարանը դրանք գնել է գործարանից։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Մարզպետի աշխատակազմը գինիները ձեռք է բերել անձնական միջոցներից»։ Գործարանը կարող էր  նվիրաբերել հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքներին  մարզպետարանի  տված գինիները, սակայն դա  չի արել։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը  վերջին տարիներին իր անօրեն գործողություններով մեծ վնաս է պատճառել Աղստեւ գետի հունին եւ Իջեւանի «Դենդրոպարկ»-ին։ 2020թ. ամռանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի, գործարանի հարեւանությամբ՝ Աղստեւ գետի հունում, կատարել է մեծ ծավալի շինարարական աշխատանքներ. 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերվել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացել է, գետի ափին կառուցվել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետեւանքով «Դենդրոպարկ»-ի ջրառն ավերվել է: «Դենդրոպարկ»-ը Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստացել. այնտեղ շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ թփերի կեսը չորացել է։ Բնապահպանական խախտումների համար բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու, կոնյակի գործարանին տուգանել է 216 հազար, նաեւ 350 հազար դրամի չափով։ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը, առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու  եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ, 2021թվականի հոկտեմբերի 15-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչ այժմ   որեւէ  մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Օրերս իրավապահ պաշտոնյան, ոչ պաշտոնապես, մեր լրագրողին  հայտնեց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունի, Իջեւանի «Դենդրոպարկ»-ի հանդեպ կատարած մեծ վնասները ճշտելու համար նշանակվել է փորձաքննություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս