ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԲԵՐԴԿՈՒՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին  կառուցվել եւ շահագործվել է արտաքին լուսավորության ցանց, ավտոտրանսպորտային կանգառ, մեկնարկել եւ ընթացքի մեջ է գտնվում մանկապարտեզի շենքի կառուցումը։

 

Ինչպես տեղեկացնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բերդկունքում սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 459 մլն 712 հազար դրամ, որից 342 մլն 733 հազար 200 դրամը ՀՀ կառավարության, 116 մլն 978 հազար 800 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 3 մլն 772 հազար դրամ, որի  60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ եւ 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի տարեվերջին եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Այդ թաղամասերը լուսավորվում են առաջին անգամ։

Բերդկունքի ավտոտրանսպորտային սպասարկման  կանգառի տեղադրման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 5 մլն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից եւ ավարտին հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարային վահանակներով ավտոտրանսպորտային սպասարկման կանգառը կառուցվել է Բերդկունքի մուտքի մոտ։

Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝ 3 խմբով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից եւ, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն  24 ամսվա ընթացքում։ Մանկապարտեզը թեեւ կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաեւ հարեւանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։ 2024 թվականի ապրիլի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 30 տոկոսով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՏԵՍԱԿԻ ԱՆԳՂ

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության եւ պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սեւ անգղի բույն։

Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ՝ 1987 թվականի Կարմիր գրքում. սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սեւ անգղ (Aegypius monachus)՝  գրանցված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ: Թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարեւոր է. թռչնին վնասելը առաջացնում է վարչական եւ քրեական պատասխանատվություն։

 

 

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Այսօր՝ ժամը 11։00-ից մինչեւ 20։00-ն ընկած ժամանակահատվածում, /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականցնի ներքին գործերի նախարարության ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

 

 

 

ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐ՝ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթեւեկությանը։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են.

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթեւեկելիս լինել ուշադիր, քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 հեռախոսահամարի թեժ գծին։

Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետեւանքներից»։

 




Լրահոս