ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԴՈԺԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները. 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսում։ 

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը իր հաղորդագրության մեջ, ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-ամյա տարելիցին:

Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից եւ այլ երկրներից։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են՝ Անիից պեղված 13-րդ դարի փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի եւ հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից եւ Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով եւ պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լեւոն II եւ Լեւոն III արքաների արծաթյա դրամները եւ այլ խորհրդանշական նմուշներ։

Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները եւ Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» եւ «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առեւտրի եւ մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2024 թ. սեպտեմբերի 29-ը:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»

Գիտությունն ու երաժշտությունը միավորող STARMUS փառատոնը, որն այս տարի անց է կացվելու մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, կկայանա «Մեր հարազատ մոլորակի ապագան» («The Future of our Home Planet») խորագրի ներքո։ Երեկ՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը հույս հայտնեց, որ արդեն 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը Սլովակիայում նույնքան հաջողված կլինի, որքան 2022 թվականին Հայաստանում կազմակերպված STARMUS VI-ը։

 

«Մենք միշտ փորձում ենք ամեն նոր փառատոն դարձնել նախկինից ավելի լավը, եթե այսօր հարցնեք նախորդ փառատոներին մասնակցած դասախոսներին, իսկ նրանցից շատերը ներկա են եղել տարբեր տարիների կազմակերպված STARMUS-ներին, ապա նրանք կասեն, որ լավագույնը Հայաստանում երկու տարի առաջ կազմակերպվածն էր. բոլորը միաձայն կհաստատեն դա։ Ես ինքս էլ այդ կարծիքին եմ։ 100 հազար մարդ Երեւանում վայելում էր քաղաքային գիտական ծրագիրը։ 7 հազար մարդ մասնակցում էր փառատոնի հիմնական դասախոսություններին, բոլոր տոմսերը վաճառված էին։ Սա նախադեպը չունեցող արդյունք էր, որ գրանցվեց Հայաստանում։ Հուսով եմ՝ Սլովակիայում կունենանք առնվազն նույն արդյունքը»,- ասաց Իսրայելյանը՝ նկատելով, որ հատկապես Հայաստանի եւ Սլովակիայի նման փոքր երկրներում գիտության նմանօրինակ փառատոները պետք է պատշաճ գնահատականի արժանանան։

Փառատոնի հիմնադիրը նկատեց, որ STARMUS VII-ը կառանձնանա նախորդ տարիների փառատոներից նաեւ նրանով, որ առաջին անգամ քննարկումների հիմնական թեման լինելու է հենց Երկիր մոլորակն ու դրա հիմնական մարտահրավերները։

Ասուլիսին առցանց միացած STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը նկատեց, որ այս տարվա քննարկումներում հատկապես շատ կլինեն ելույթներն արհեստական բանականության (ԱԲ), ժամանակակից աշխարհում դրա հնարավորությունների եւ մեր օրերի խնդիրների լուծման գործում ԱԲ հնարավոր դերակատարության վերաբերյալ։

STARMUS-ի յոթերորդ փառատոնի բացումը Բրատիսլավայում կազդարարվի ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարի համերգով, որը կանցկացվի «Կամուրջ ապագայից» («Bridge from the Future») խորագրի ներքո։

Բեմի վիզուալ լուծումները տրվել են արհեստական բանականության միջոցով՝ որպես մարդկային երեւակայության շարունակություն։ «Մեր օրերում, այսօրվա խավարի օրերում մենք ավելի քան երբեւէ կարիք ունենք կերտել մեր ապագան, մտածել ավելի լավ ապագայի մասին, իսկ գիտությունն ու արվեստն ապագան կերտելու հիմնական տարրերն են։ Այսօր ավելի քան երբեւէ կարեւոր է STARMUS-ը ուշադրության կենտրոնում պահել»,- ասուլիսին հայտնեց Ժան-Միշել Ժարը, ով նաեւ դարձել է STARMUS-ի խորհրդի անդամ։

Նա խոստացավ, որ դա պարզապես հերթական, սովորական համերգ չի լինելու, այլ հանդիսատեսը ականատեսն է լինելու անօրինակ երաժշտական երեկոյի։ Համերգի ընթացքում բեմում հանդես կգա նաեւ Բրայան Մեյը։

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԳՆԴԱԿ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ հունգարական «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սեւիկյանն անդրադարձել է նոր ակումբի կազմում խփած առաջին գնդակին:

«Կարծում եմ, այս գոլը կհիշեմ իմ ամբողջ կյանքում, քանի որ առաջին գնդակս էր «Ֆերենցվարոշ»-ի կազմում: Հրաշալի ստացվեց, աննկարագրելի զգացողություն էր: Արդեն իսկ մտածում եմ հաջորդ հանդիպման մասին: Նպատակս մեկն է` կենտրոնանալ ամեն օրվա վրա եւ անել առավելագույնը».- Սեւիկյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ֆերենցվարոշ»-ը գերազանցել է «Դիոշդյոր»-ին 2:1 հաշվով:

 

 

 

 

ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ, եւ դուրս գալով կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաեւ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն Կորոնայի հետ ու պարտության մատնեց 4:1 հաշվով: Գերծանր քաշային կարգում  Միսակ Տեպանյանը  սլովակ Սեբաստիան Սալոմոնի հետ մենամարտում հենց սկզբից գործեց առաջին համարով եւ վստահորեն հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Սիմոնյանն ու Տեպանյանը կիսաեզրափակիչում են եւ ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ:

 

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են ՊՍԺ-«Բարսելոնա», «Աթլետիկո»-«Բորուսիա» խաղերը:

ՊՍԺ-ն, սեփական հարկի տակ ընդունելով «Բարսելոնա»-ին, զիջեց կատալոնական ակումբին՝ 2:3 հաշվով: «Բարսելոնա»-ից աչքի ընկան Ռաֆինյան (դուբլ) եւ Անդրեաս Կրիստենսենը: ՊՍԺ-ի գոլերը իրականացրին Ուսման Դեմբելեն ու Վիտինյան:

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկո»-ն, մրցելով Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, առավելության հասավ 2:1 հաշվով: Մադրիդյան թիմից գոլերի հեղինակ դարձան Ռոդրիգո Դե Պաուլը ու Սամուել Լինոն, իսկ «Բորուսիա»-ից` Սեբաստիեն Ալերը:

 




Լրահոս