ՄԵՐԺՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար իր թեկնածությունն է առաջադրել առայժմ մեկ թեկնածու՝ ՀՀ  վերաքնիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, որին անցած տարի ՔՊ-ն մերժեց:

Դատավոր Արմեն Դանիելյանը հանրության մեջ աչքի ընկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  կալանավորելով: Եվ առհասարակ, Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել որեւէ ՔՊ-ականի ցանկություն:

Առանց անձի մասին լսած լինելու, նրա իրավունքն ապահովելու, մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը շարունակեց կիրառել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից հիշեցրեց, թե ինչպես առանց իրեն լսելու կալանք իրականացրին: Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին, իհարկե, մերժեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

Սա էլ դեռ քիչ չէ, 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ արդարադատությունը մերժելով, Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում,  ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Եվ դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանն ինչպես կընդունի նրա՝ ԲԴԽ գնալու հանդգնությունը:

 

 

 

Օրինապահից դեպի «բարձր ռիսկային խումբ» մեկ քայլ է: ՔՊ-ի հետհեղափոխական Հայաստանում շատերը տնտեսական հրաշքի սպասում են, բայց բացասական իմաստով։ Պետության տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից է ունիվերսալ վարկային կազմակերպությունների գործունեությունը, որոնցից «Նորման կրեդիտ»-ը գրանցել է ուշագրավ հետագիծ։ Այսպես, եթե 2018 թվականի հունիսին ստեղծված ՈՒՎԿ-ն 2020 թվականին ՊԵԿ-ից ստանում էր օրինապահ հարկատուի հավաստագիր (լուսանկարը տե՛ս armlur.am կայքում), ապա նույն ՊԵԿ-ի փաստաթղթերի տվյալներով՝ 2023 թվականին «Նորման կրեդիտ»-ը արդեն ստուգման ենթակա բարձր ռիսկային խմբի հիմնարկի է վերածվել: Կա ապագա, թե չկա, տվյալ դեպքում ցույց կտա հարկային ստուգումը. բայց տենդենցները հուսադրող չեն:

 

 

 

 

 

Freedom house-ը զեկույց է հրապարակել, որում կետ առ կետ նշված է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ՏԻՄ, եւ համայանքային ՏԻՄ ընտրություններին ձեւացրել, թե պահպանում է թափանցիկությունը, մինչդեռ արձանագրել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը նախընտրական քարոզարշավներում։ «Ընտրական առումով Հայաստանում 2023 թվականին ամենաուշագրավը Երեւանի ավագանու ընտրություններն էին: Երեւանը, քանի որ, Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդն է, քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքները ակնկալվում էին որպես կարեւոր միջանկյալ ցուցանիշ իշխող կուսակցության համար՝ 2026 թվականին կայանալիք հաջորդ համապետական օրենսդրական ընտրություններից առաջ: Ընտրությունների ընդհանուր կազմակերպումն իրականացվել է պրոֆեսիոնալ եւ կանոնավոր կերպով, ինչպես հաղորդում են միջազգային դիտորդները: Այն հիմնականում իրականացվել է ազատ եւ թափանցիկ եղանակով, մինչդեռ մրցույթի մասնակիցները լայնորեն ընդունել են արդյունքները: Այնուամենայնիվ, ընտրությունները նաեւ տեսել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը հօգուտ իշխող կուսակցության 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր, ինչպես նաեւ հանրային հետաքրքրության բացակայությունը եւ դրա արդյունքում ցածր մասնակցությունը ընտրություններին, լրատվամիջոցների մանիպուլյացիաները եւ բեւեռացումը, որոնք բոլորն էլ մտահոգություն են առաջացնում: Քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները եւ անկախ լրատվամիջոցները նկատեցին վարչական ռեսուրսների համատարած չարաշահում իշխող կուսակցության օգտին: Օրինակ՝ թաղապետերի եւ նրանց տեղակալների ներգրավվածությունը քարոզարշավին՝ կասկածելի իրավական հիմքերով, քարոզարշավի ընթացքում հանրային ֆինանսավորմամբ քաղաքային բարեկարգման զգալի ծրագրեր, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձեր. քաղաքային եւ ազգային, վարչական եւ կրթական հաստատությունների անձնակազմի կազմակերպված մասնակցություն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կազմակերպված հանրահավաքներին, եւ համայնքային ծախսերի աննախադեպ աճ՝ իշխող կուսակցության թեկնածուների մասնակցությամբ տարբեր զանգվածային տոնական միջոցառումների համար: «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահումը քարոզարշավի ընթացքում, եւ իշխող կուսակցության թեկնածուների քաղաքական դերերն ու քաղաքային վարչական պարտականությունները խառնելը տեղական եւ միջազգային դիտորդների կողմից մեկնաբանվել է որպես պետության եւ կուսակցության միջեւ սահմանը լղոզող:»

Freedom house-ը, անդրադառնալով Ալավերդիում ոչ իշխանական համայնքապետին պաշտոնից հեռացնելու եւ աթոռը զավթելու գործին, նշում է.

«Անցյալ տարի մի քանի համայնքներում կատարված փորձերից հետո իշխող կուսակցությունը դեկտեմբերին հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին: Թամազյանը գլխավորել էր «Երկիրը դեպի կենդանի» եւ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցությունների նեղ կոալիցիան, սակայն մեկ այլ՝ «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդական լքեց կուսակցությունը եւ «Քաղաքացիական պայմանագրին» տվեց անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը: ՔՀԿ-ները զգուշացրել են, որ քաղաքապետի իմպիչմենթը իրականացվել է ապօրինի, եւ տեղեկություններ կային, որ Ալավերդու ավագանու անդամները ճնշումների են ենթարկվել ազգային գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից»:

Հենց այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի վրա դրված էր պարտավորություն, որով պետք է 2022թ. նոյեմբերի 30-ի հրամանով Ալավերդի համայնքում իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացներ, ու այդ ժամանակահատվածում տեղի ունեցան Ալավերդու համայնքապետի հետ կապված հայտնի իրադարձությունները։

Freedom house-ի զեկույցում ասվում է, որ Թամազյանի հեռացումն ապօրինի էր:

Այդ խայտառակ զեկույցի մասին «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ այս իրադարձությունների պատասխանատուներից եւ մեղադրվողներից մեկը հենց այս նախարարությունն էր՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Նախարարությունից խոստացան գրավոր պատասխանել։

 

 

 

 

Չնայած անցնող ողջ շաբաթն ԱԺ-ում թեժ էր, եւ պատգամավորները ծայրը ծայրին հասցրին սպառել օրակարգը, բայց հաջորդ շաբաթ ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ կանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ երեքշաբթի՝ ապրիլի 16-ին, խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի: Արտահերթ նիստի օրակարգում լինելու է միայն մեկ հարց. ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել: Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը  օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ահա այս նախագիծը քննարկելու համար ՔՊ-ն հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել:

 




Լրահոս