«ՉՊԵՏՔ Է ՏՐՎԵՆՔ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Թեւան Պողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արված հայտարարություններին, թե պատմական Հայաստանը և իրական Հայաստանը համատեղելի չեն, պետք է հստակ տարբերակել իրական Հայաստանը՝ իր սահմաններով:

 

-Պարո՛ն Պողոսյան, երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանագծեր գծեց՝ պատմական Հայաստան, իրական Հայաստան. ասում էր, որ սահմանները տարբեր են, պետք է կարողանանք ընդունել՝ որոնք են իրական Հայաստանի սահմանները, եւ որ ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, ընդունում է իրական Հայաստանը՝ իր սահմաններով: Ի՞նչ նկատի ուներ նա:

-Հայաստան ասելով՝ ընկալում ենք հենց Հայաստան. բայց եթե չեմ սխալվում, բացի դրանից մի բան եւս նա երեկ ասաց իր ելույթում, թե Խոր Վիրապի տարածքում, սահմանին թշնամի Թուրքիան է, եթե այդպես է ձեւակերպում,  իրական Հայաստան է ասում՝ նկատի ունենալով այսօրվա հանրապետության տարածքը միայն, ապա Խոր Վիրապի մասին նշած իր խոսքում ստացվում է՝ դա ժամանակակից Թուրքիայի տարածքն է, ոչ թե պատմական Թուրքիայի: Միայն այս դեպքում կարող ենք հասկանալ, որ ժամանակակից սահմանը թերեւս գտնվում է Խոր Վիրապից մի քանի կմ հեռավորության վրա, բայց դա Թուրքիայի սահմանը չէ, այլ Հայաստանի: Եկեք հասկանանք, որ իրական նպատակը իր խոսքերի մանիպուլյացիա անելու փորձն է, մեղքերը ուրիշի վրա գցելու՝ սեփական եսը փրկելու համար. նաեւ այդ կերպ իշխանությունը պահելու: Մյուս կողմից ցանկանում է ինչ-որ բաներ անել, որով կհասնի անձնական անվտանգության ապահովմանը: Իրենք այս արհեստական օրակարգային թեմաները մտցնում են, որպեսզի իրականում չունենանք ազգային որեւէ  օրակարգի քննարկում. պարզապես դա է: Վաղը, որ տեսնեն իրավիճակը փոխվել է, եւ պետք է ուրիշ բան խոսել, կասեն՝ չէի՞նք ասում, որ մենք էլ ենք պատմական Հայաստանի ջատագով:

-Պարո՛ն Պողոսյան, խնդիրն այն է, որ իրենք այդ մանիպուլատիվ թեզերով հաջողում են օրակարգից շեղել, եւ կարծես հանրության մի մասն էլ նրանց թեզերով առաջնորդվում է:

-Ես կցանկանայի, որ մեզ համար  առաջնային լինեին հարցերը, թե ինչ է  պետք անել, որ նոր սերունդը ունենա ապագայի հանդեպ նախանձախնդիր հայացք, մտածի՝ ինչ է պետք անել, որ վերադարձնի իր պապերի Հայաստանը, Արցախի Հանրապետության վերականգնման մասին մտածի: Ես ուզում եմ՝ որպես հանրության մի մասնիկ սերունդների հետ աշխատենք: Իսկ այս իշխանությունները տեսնում են, որ իրենց մանիպուլյացիան աշխատում է, այդպես էլ շարունակում են: Իրենք լավագույն օրինակն են՝ ինչ չի կարելի անել, եւ մենք պետք է հենց այստեղից էլ սկսենք:

-Ձեր պատկերացմամբ՝ Ձեր նշած վաղվա օրվա տեսլականը ինչպես եէ կայանալու, ինչպե՞ս կարող ենք վերադարձնել մեր կորուստները:

-Աշխարհում անհնարին ոչինչ չկա, նույնիսկ եթե կա 1 տոկոս հնարավորություն, պետք է գնալ դրա հետեւից: Ռազմական գործողություններին պետք է պատրաստվենք եւ զարկ տանք ազային միասնությանը, աշխատենք գալիք սերունդների հետ, եւ այնպես, որ այդ սերունդները վերադարձնեն  մեր ու իրենց հայրենիքը, եւ պահեն այնպես, որ այն այլեւս երբեք կորստյան չմատնվի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

«Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի եւ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական միության միջեւ առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարեւորությունը:

«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնց իրականացմանը ձեռնամուխ ենք եղել, եւ հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական եւ էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական եւ անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:

 

 

 

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Թուրքական GazeteKars լրատվականի տվյալով՝ Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում քայլեր են ձեռնարկվում:

Մասնավորապես՝ «Հայաստան-Թուրքիա սահմանին, մասնավորապես՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է՝ ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Նշվում է, որ ականազերծմամբ իսրայելական ընկերություն է զբաղվում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների եւ ղեկավարների միջեւ քննարկումներից հետո տնտեսական շահերը եկել են առաջին պլան։

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՕՐԱԿԱՐԳԻՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ ԵՄ-ն ողջունում է կողմերի միջեւ այս հարցի վերաբերյալ տեքստերի նախագծերի մշտական փոխանակումը, այդ թվում՝ Երեւանի կողմից Բաքվին ուղարկված վերջին առաջարկները։

«Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Կարծում ենք, որ կողմերի միջեւ մի քանի տարվա բանակցություններից եւ քննարկումներից հետո, հատկապես Շառլ Միշելի աջակցությամբ, ի հայտ են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն ապահովելու տարրեր»,- ասվում է Կլաարի պատասխանում։

Հարցին՝ առաջիկայում ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում նախատեսու՞մ է այցելել Հայաստան եւ Ադրբեջան, գրասենյակից հայտնել են, որ Տոյվո Կլաարը հաճախ է այցելում տարածաշրջան եւ կշարունակի այցերը՝ նպաստելու կարգավորման գործընթացին եւ խաղաղության օրակարգին։

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՈՍԿԵՊԱՐ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 12-ին, այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը եւ ասաց, որ այցը պայմանավորված է այնտեղի վերջին զարգացումներով:

«Կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ քայլեր կձեռնարկվեն, բայց ինչ էլ որ լինի, հանրությունը տեղյակ կլինի: Չեմ կարող ստույգ ասել, թե որքան ժամանակով է գնացել, իրավիճակից կախված տեղում պարզ կդառնա»,- նշել էր Լ. Վարդանյանը:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար եւ ապրում են ոսկեպարցիների կողքին։

 




Լրահոս