Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։
Հոդվածում հեղինակն ընդգծում է. որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է, որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով Խաչատրյանի ժառանգության մասին իրազեկությունն ամբողջ աշխարհում։
Հրապարակման ենթավերնագրերից մեկի ներքո անդրադարձ է կատարվում նախորդ տարի անցկացված խաչատրյանական փառատոնին, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին եւ անցկացվում էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով։ Ընդգծվում է, որ փառատոնը ներկայացրել է Խաչատրյանի արվեստը լայն ընդգրկմամբ ու հայտնի եւ տաղանդավոր մենակատարների ներգրավմամբ։
Հոդվածն առանձին բաժնում ներկայացնում է Հայաստանի մշակութային հարստությունը, որը հեղինակի խոսքով՝ հազարամյակներ ձգվող պատմություն ունի։
Ընդգծվում է, որ հույների եւ հռոմեացիների կողքին հայերն աշխարհի հնագույն թատերական ավանդույթների կրողն են։ «Եվրանյուզի» հոդվածում պատկերված է նաեւ մայրաքաղաք Երեւանը՝ որպես դասական արվեստը հանրահռչակող քաղաք, որը մեծ սիրով հյուրընկալում է մեր ժամանակների ամենանշանավոր երաժիշտներին եւ կոլեկտիվներին՝ ներկայացնելով դասական արվեստը ու դասական երաժշտության միջոցով երկրում զարգացնելով զբոսաշրջությունը։
Հրապարակման մեջ հիշատակվում է նաեւ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։
Նշվում է, որ այս տարի արդեն 20-րդ անգամ անցկացվող ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաեւ հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՇՈՈՒ-ՊԱՏԱՐԱԳ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
Երեկ՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ընդդիմության կողմից Տավուշի վերաբերյալ հայտարարություններին եւ հոգեւորականների այցերին, ասաց. «Ասում են՝ Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար եւ Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել՝ ե՛ւ պաշտոնապես ե՛ւ ոչ պաշտոնապես։ Էդ, որ որոշ հոգեւորականներ կան՝ հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ա՞փ է, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ իր մեկնաբանությունը լսելու նպատակով.
«Ինքը չի հասկանում, թող գնա, հասկացողի մոտ խորհուրդ հարցնի: Ուրեմն պիտի հարցնեինք, նոր գնայինք, որպեսզի ինքը իր մոտ նշի. մենք իր ծնունդից առաջ ենք իմացել Ոսկեպարի եկեղեցու մասին եւ շատ ուրիշ եկեղեցիների:
Շատ եկեղեցիներում պատարագներ ենք արել, որից ինքը տեղյակ չէ, ոչ էլ թշնամին, եւ երրորդ՝ շոու-պատարագ չի լինում, պատարագը կամ լինում է, կամ չի լինում»:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ 125
Անվանի նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին նրա «Ընդվզում» ստեղծագործությունը մուրալ արվեստի տեսքով տեղ է գտել Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Պուշկին 62 հասցեում:
Թե՛ Սարյան, թե՛ Պուշկին փողոցներով քայլելիս մի պահ կանգ ես առնում, ուշադիր զննում վառ գույներով հարուստ աշխատանքն ու ցանկանում ավելին իմանալ:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի վրա նախորդ տարի իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտայի հետ եւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ մուրալ նախագիծ իրականացրինք: Հետո սկսեցինք մտածել Երեւան քաղաքի արտաքին ձեւավորումը մշակութային տարբեր ուղղություններով հարստացնելու մասին:
Լավագույն օրինակներից մեկն էլ ժամանակակից կերպարվեստի ոլորտում մուրալ ուղղությունն է»,- պատմում է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մուրալ նախագծի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանը:
Խաչատրյանն այցելել է Երվանդ Քոչարի թանգարան եւ հստակ որոշել՝ հաջորդ մուրալ նախագիծը նվիրվելու է նկարչի հոբելյանին, քանի որ արվեստի այդ ուղղությամբ հնարավոր է երիտասարդներին ծանոթացնել դասականների ժառանգությանը: Իսկ ինչո՞ւ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի հարեւանությամբ եւ ինչո՞ւ Պուշկին փողոցում:
«Կարծում եմ՝ Երեւան քաղաքը պետք է ավելի մշակութային լինի, եւ փողոցի անվանումը, այս կամ այն մշակութային կառույցի առկայությունն այդ փողոցում չպետք է ստիպեն առաջնորդվել այլ տրամաբանությամբ: Ինձ համար սա մշակութային օջախ ստեղծելու նպատակ էր: Մի տեղ կարող է լինել մեկ այլ քանդակագործի թանգարան, մեկ այլ պատի վրա՝ այլ ստեղծագործողի գործ, որը կհամալրի այս ամբողջ մշակութային համալիրը ու կհետաքրքրացնի այս տարածքի մշակութային պատկերը»,-հավաստիացնում է Խաչատրյանը:
Մուրալի ստեղծման ընթացքը տեսնելով՝ ե՛ւ տեղացիները, ե՛ւ զբոսաշրջիկները հաճախ հետաքրքրվում են, թե ով է հեղինակը, ինչ արժեքներ է ստեղծել եւ ուղեւորվում են Երվանդ Քոչարի թանգարան, որի տնօրեն Կարինե Քոչարը շատ է կարեւորում արվեստագետներին նորարարական մեթոդներով հանրահռչակելը:
Ուշագրավ մուրալն ամբողջությամբ պատրաստ կլինի մի քանի օրից: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին:
ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՄՐՑԱՇԱՐԻՑ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Մոնտե Կարլոյի «Մաստերս» մրցաշարից:
ATP Մաստերս շարքի այս մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը հույն թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթում` 6:4, 6:2 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:
ՓՅՈՒՆԻԿ-ԱԼԱՇԿԵՐՏ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:
Հանդիպման հաշիվն առաջինը բացեց «Փյունիկ»-ը: Աչքի ընկավ Գոնսալվեսը: Րոպեներ անց Լուկա Յուրիչիչը խփեց նաեւ թիմի երկրորդ գոլը: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: 89-րդ րոպեին գոլը խփեց Մենսանը:
«Փյունիկ»-«Ալաշկերտ»` 2:1:
Այս տուրի շրջանակներում կկայանա նաեւ «Արարատ-Արմենիա»-«Արարատ», «Ուրարատու»-ԲԿՄԱ, «Վեստ Արմենիա»-«Շիրակ» հանդիպումները:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿ՝ ՍՊԵՐՑՅԱՆԻՆ
«Կրասնոդարը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին 100 համարով ակումբային հատուկ մարզաշապիկ է նվիրել։
«Կրասնոդարը» 23-ամյա ֆուտբոլիստին մարզաշապիկը նվիրել է ակումբի կազմում 100-րդ հանդիպումն անցկացնելու կապակցությամբ։ Սպերցյանը հոբելյանական հանդիպումն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Նիժնի Նովգորոդի» դեմ արտագնա խաղում, որի ընթացքում տուգանայինից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը, իսկ դրվագներից մեկում նրա հարվածից հետո ինքնագոլ է գրանցվել։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 100 խաղում խփել է 31 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։