Բարեկամավանում ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի դպրոցն այս տարի երկու շրջանավարտ ունի և առաջին դասարանի երկու աշակերտ: Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Armlur.am-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով հայտնեց, որ դպրոցի աշակերտների թիվը նվազել է: Չնայած դրան, դպրոցը չի փակվելու:

-Որ տեսնում են այստեղ ապագա չկա դրա պատճառով էլ ոչ ոք տուն չի կառուցում, քանդվածը չի վերանորոգում: Ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Դրա համար մարդիկ սպասելուց հոգնում են:

-Ձեր գյուղում պետք է ջերմատներ կառուցվեին: Դա ոչինչ չփոխե՞ց:

-Դե մենք Արարատյան դաշտավայրի բնակիչների նման չենք կարող ջերմատան բույս մշակել:  Հետո էլ՝ ջուր չկա: Մարդիկ մի բան կգտնեն կանեն, միայն խաղաղություն թող լինի: ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն արդեն երկու տարի է, ինչ վճարում է ողջ գյուղի էլեկտրաէներգիայի վարձը:

-Իսկ մարզպետը չի՞ օգնում:

-Չէ, միայն պաշտպանության նախարարն է օգնում: Մարզպետը խոստացել է այս տարի դպրոցի սպորտ դահլիճը վերանորոգել: Տեսնենք:

-Տարիներ առաջ քանի՞սն է եղել աշակերտների թիվը:

-Նախկինում մի դասարան ունեի, որտեղ 36 աշակերտ էր սովորում, իսկ հիմա ամբողջ դպրոցի աշակերտների թիվն է 31: Պատերազմից հետո ամբողջ դպրոցում 65 աշակերտ կար: Ուղիղ կեսով կրճատվել է: Այ հիմա անասունին դաշտ տանելու ժամանակն է, բայց չգիտի՝ տուն գալո՞ւ է, թե՞ ոչ: Նրանք անկառավարելի են: Նրանք իսկական կռվողներ չեն: Խուլիգանին նման են:

էս վերջերս նստել ու մեկ առ մեկ հաշվել եմ, թե քանի փոքր և մեծ կա գյուղում. 253, որից 35 ծուխը միայնակ ծերեր են: Ոնց են ասում՝ պահուստային կողպվող դռներ են: Թող Աստված տա քսան տարի գոյատևեն:

-Եթե աշակերտների թիվը նվազում է, հնարավո՞ր է, ընդհանրապես, դպրոցը փակվի:

-12-ամյա դպրոց է և դեռ շարունակում է պահպանվել: Ճիշտ է, դասարանները միացնում ենք իրար, եռակոմպլեկտ տարբերակով ենք դաս անում: Բայց չի փակվելու: Ի դեպ, վերջերս էլ Սերժ Սարգսյանը բարեհաճեց ինձ շնորհակալագիր ուղարկել, բայց ժողովրդի շնորհակալությունն ինձ բավարար է:

-Գյուղում քանի՞ կողպված դուռ կա:

-Ճիշտն ասած, չեմ հաշվել, որովհետև մեծ ցավ եմ ապրում: Մի ծեր մահանում է, մենք ախ ենք անում: Վերջերս մի 96 տարեկան կին մահացավ բոլորս լացում էինք: Մեզ համար ուրախություն էր, որ կար այդ կինը ու իր տան լույսը վառվում էր:

-Ինչո՞վ եք ոգևորում գյուղացիներին, որ չգնան:

-Իմ ոգևորելը քիչ է: Ադրբեջանական գյուղերում մշտապես հարսանիք է լինում, այնտեղից երաժշտության ձայն է գալիս, իսկ մեզ մոտ մարդիկ դռներն են կողպում ու հեռանում գյուղից: Ինչպե՞ս ոգևորեմ: Բայց ասեմ, որ վերջերս էլ մեր գյուղում հարսանիք եղավ ու մեծ, փոքր, բոլորս էլ հարսանիքին մասնակցեցինք: Համաժողովրդական հարսանիք էր, բոլորս էլ շատ ուրախացանք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս