Ամեն տարի ապրիլի 17-ին ողջ աշխարհում նշվում է հեմոֆիլիայի միջազգային օրը: Առաջին անգամ «Հեմոֆիլիայի միջազգային օրը» նշվել է 1989 թվականին: Միջազգային օրը նշելու նախաձեռնությունը պատկանում է հանրությանը հայտնի միանգամից երկու կազմակերպությունների`«Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը» (ԱՀԿ) և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային» (ՀՀՖ):
Հեմոֆիլիան գենետիկական ծանրագույն հիվանդություններից մեկն է: Բնորոշվում է արյան մեջ մակարդման VIII և IX գործոնների ժառանգական բացակայությամբ: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է տարբեր աստիճանի արյունահոսություններով և արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվանը, իսկ հաճախակի հոդային արյունազեղումները բերում են դրանց անդառնալի քայքայմանը և վաղ հաշմանդամությանը: Ախտորոշման ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում:
Հեմոֆիլիան առաջանում է գենետիկական խանգարումների հետևանքով, հիվանդության բոլոր դեպքերի կեսի դեպքում այն ունի ընտանեկան բնույթ: Գենետիկական մեխանիզմի հետևանքով այդ հիվանդությունը ախտահարում է միայն տղամարդկանց: Հեմոֆիլիայի գենով կանայք անվանվում են կրողներ: Այդպիսի կնոջ յուրաքանչյուր աղջիկ ունի կրող դառնալու 50% հնարավորություն: Այդ կնոջից ծնված յուրաքանչյուր տղա ունի հեմոֆիլիայով հիվանդանալու 50% հնարավորություն: Աշխարհում վիճակագրական տվյալների համաձայն 10000 մարդուց մեկը է տառապում հեմոֆիլիայով: Այսօր աշխարհում կա մոտ 5մլն հեմոֆիլիայով հիվանդ, ՀՀ-ում` 300, ԼՂՀ-ում` 10:
Անցյալ ժամանակներում հեմոֆիլիայով հիվանդը նկատելի էր ժողովրդի զանգվածում քայլվածքի խանգարումների, կաղալու պատճառով: Հաճախ նա ստիպված էր հենվել ձեռնափայտին կամ հենակներին: Այդ հիվանդությամբ տառապող ժամանակակից երիտասարդները հիմնականում խուսափել են այդպիսի տառապանքներից և ունեն արժանի կյանքի բոլոր հնարավորությունները: Դրան հասնելը հնարավոր եղավ միայն ժամանակակից և անվտանգ բժշկական պատրաստուկներով` արյան մակարդման գործոնների խտանյութերով, ադեկվատ բուժման շնորհիվ: Ըստ ԱՀԿ տվյալների, մեկ հիվանդի բուժման համար անհրաժեշտ գործոնների խտանյութերի նվազագույն քանակությունը կազմում է տարեկան 12.5 հազար միջազգային միավոր:
Ի շնորհիվ ԱՀԿ, ՀՀՖ-ի, «Հեմոֆիլիայով հիվանդների կազմակերպության», գիտնականների և բժիշկների ջանքերի «հեմոֆիլիան» դադարեց մահացու դատավճիռ լինելուց: Եվ հակահեմոֆիլային պատրաստուկի առկայության դեպքում բուժման ենթակա են հեմոֆիլիաների նույնիսկ ծանրագույն ձևերը:
Հեմոֆիլային բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Բուժումը կատարվում է հակահեմոֆիլային խտանյութերի փոխներարկումով: Դրանք պատրաստվում են մարդկային արյան պլազմայից: ՀՀ-ում և ԼՂՀ-ում դոնորությունը չի ապահովվում պլազմայի անհրաժեշտ քանակությունը, որի պատճառով դեղորայքը գնվում է արտերկրից և անվճար տրամադրվում հիվանդներին: Պրոֆիլակտիկ բուժումը բավականին թանկ արժե, այդ իսկ պատճառով մեզ մոտ հակահեմոֆիլային խտանյութերը հիվանդներին տրամադրվում է միայն սուր արյունահոսությունների և բարդությունների դեպքում