
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում նկարներ են հայտնվել, թե ինչպես են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի վանքի գմբեթը վերածել մզկիթի գմբեթ։
Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:
Նկարներին կից առկա հետևյալ մակագրությունը․ «Շուշա քաղաքի «Գազանչի» եկեղեցու վերականգնումն ակտիվացել է. Աշխատանքներ են տարվում տանիքի փոխարինման և վնասված պատերի բեկորների վերականգնման ուղղությամբ։»
Վերականգնման անվան տակ այն վերածում են մզկիթանման շինության։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից: