«Գործող ռեժիմը ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմել իրենց տեսակետները չկիսող քաղաքացիների դեմ»․ «Մայր Հայաստան» շարժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել․

««Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:

Իշխող ՔՊԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել են, ոստիկանական մեքենայով ուղեկցել դեպի ՁՊՎ, որի ընթացքում նրան դիմակավորված անձինք ծեծի, նվաստացման և խոշտանգման են ենթարկել:

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը:

Մենք համոզված ենք, որ նման սարսափելի հանցագործությունը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի գիտության կամ հրահանգի: Դա վկայում է այն մասին, որ գործող ռեժիմն այլասերվել է բացարձակ ձևով ու, հանուն իր իշխանության պահպանման, ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմ հայտարարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները և դիմադրում են հայրենիքը թշնամուն հանձնելու պարտվողական քաղաքականությանը:

Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու, մասնավորապես, ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ է մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց: Եթե իրավապահ համակարգը դույզն-ինչ դեռ գործում է իրավական դաշտում, ապա պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել, գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:

Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացողներին կոչ ենք անում հստակ ու հասցեական գնահատական տալ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված աղաղակող հանցագործությանը: Մենք տեղի ունեցածի քաղաքական պատասխանատու ենք համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:




Լրահոս